Ինչո՞ւ է հաշվապահը մշտապես լրացուցիչ հարցեր տալիս
Ինչո՞ւ է հաշվապահը մշտապես լրացուցիչ հարցեր տալիս
• «Իսկ այս վճարումը ինչի՞ համար էր»։
• «Ո՞ւմ եք փոխանցել այս գումարը»։
• «Պայմանագիր կա՞»։
• «Այս ապրանքը ընկերության համա՞ր եք գնել, թե՞ անձնական օգտագործման»։
• «Ծառայությունը որտե՞ղ է մատուցվել»։
Եթե բիզնեսի սեփականատեր եք կամ ղեկավար, հավանաբար այս հարցերից առնվազն մի քանիսը պարբերաբար լսում եք ձեր հաշվապահից։ Երբեմն նույնիսկ կարող է թվալ, որ հաշվապահը չափազանց հետաքրքրասեր է և ցանկանում է իմանալ բիզնեսում տեղի ունեցող ամեն մանրուք։ Իրականում հաշվապահի հետաքրքրասիրությունը գրեթե, երբեք անձնական բնույթ չունի։ Նրա խնդիրն է հասկանալ յուրաքանչյուր գործարքի իրական բովանդակությունը, որպեսզի այն ճիշտ արտացոլվի հաշվապահական հաշվառման մեջ և ճիշտ որոշվեն հարկային հետևանքները։ Պարզ ասած՝ հաշվապահը հարցեր է տալիս ոչ թե այն պատճառով, որ իրեն հետաքրքրում է՝ ինչ եք գնել, այլ այն պատճառով, որ նույն 100,000 դրամի վճարումը տարբեր իրավիճակներում կարող է ունենալ բոլորովին տարբեր հաշվապահական և հարկային հետևանքներ։
Բանկային փոխանցումը դեռ ամբողջ պատմությունը չէ
Ենթադրենք բանկային քաղվածքում հաշվապահը տեսնում է 300,000 դրամի փոխանցում։ Բանկային քաղվածքը ցույց է տալիս, թե որքան գումար է փոխանցվել և ում, սակայն չի բացատրում՝ ինչի համար։
Դա կարող է լինել՝
- • գրասենյակի վարձավճար,
- • խորհրդատվական ծառայություն,
- • ապրանքի կանխավճար,
- • աշխատակցի գործուղման ծախս,
- • սարքավորման գնում,
- • նախկին պարտքի մարում,
- • փոխառության տրամադրում,
- • կամ նույնիսկ ընկերության հաշվից սխալմամբ կատարված անձնական վճարում։
Գումարը նույնն է, բայց այս բոլոր գործարքները հաշվապահության մեջ արտացոլվում են տարբեր կերպ։ Այդ պատճառով «300,000 դրամ փոխանցել ենք ABC ընկերությանը» պատասխանը հաշվապահին սովորաբար բավարար չէ։ Հաջորդ հարցը գրեթե անխուսափելի է. «Իսկ կոնկրետ ինչի՞ համար»։ Եվ հենց այստեղ էլ սկսվում է այն, ինչ երբեմն բիզնեսի սեփականատերը անվանում է «հաշվապահի հարցաքննություն»։
«Դա պարզապես ծախս է» բացատրությունը հաշվապահի համար բավարար պատասխան չէ
Բիզնեսի տեսանկյունից շատ գործարքներ կարելի է պարզապես անվանել «ծախս»։ Հաշվապահական և հարկային տեսանկյունից այդպես չէ։ Օրինակ՝ ընկերությունը գնել է համակարգիչ 600,000 դրամով։ Սեփականատիրոջ համար դա պարզապես ծախս է՝ գումարը դուրս է եկել բանկային հաշվից։ Բայց հաշվապահը պետք է հասկանա՝ այդ համակարգիչը
• նախատեսվա՞ծ է երկարաժամկետ օգտագործման համար,
• արդյո՞ք այն պետք է ճանաչվի որպես հիմնական միջոց,
• ի՞նչ ժամկետում պետք է հաշվարկվի մաշվածությունը,
• ինչպե՞ս պետք է այն արտացոլվի հարկային հաշվառման մեջ և ինչ փաստաթղթեր են առկա։
Այսինքն՝ «մենք համակարգիչ ենք գնել» արտահայտությունից հետո հաշվապահի մոտ դեռ մի քանի հարց կարող է առաջանալ։ Եվ դա նորմալ է։ Պրոֆեսիոնալ Հաշվապահական ընկերություններ Հայաստանում սովորաբար հենց այս սկզբունքով են աշխատում։ Նրանք չեն փորձում պարզապես բանկային շարժերը տեղափոխել հաշվապահական ծրագիր, այլ փորձում են հասկանալ յուրաքանչյուր էական գործարքի տնտեսական բովանդակությունը։
Մի փոքրիկ մանրուք կարող է փոխել հարկային հետևանքը
Հաշվապահի որոշ հարցեր երբեմն չափազանց մանրամասն են թվում։
Օրինակ՝ «Այս ծառայությունը Հայաստանում է մատուցվե՞լ, թե՞ արտերկրում»։ Բիզնեսի սեփականատերը կարող է մտածել. «Ի՞նչ տարբերություն, ծառայությունը ծառայություն է»։ Հարկային տեսանկյունից տարբերությունը երբեմն շատ մեծ է։ Ծառայության տեսակը, մատուցման վայրը, պատվիրատուի կամ մատակարարի ռեզիդենտությունը, պայմանագրի պայմանները և նույնիսկ ծառայության իրական օգտագործման վայրը կարող են ազդել ԱԱՀ-ի, շահութահարկի կամ ոչ ռեզիդենտին վճարումներից պահվող հարկերի վրա։ Նույնը վերաբերում է նաև ապրանքների ձեռքբերմանը, աշխատակիցների ծախսերին, գործուղումներին, փոխհատուցումներին և բազմաթիվ այլ գործարքների։
Հետևաբար, երբ հաշվապահը հինգերորդ անգամ հարցնում է.
«Իսկ այս ծառայությունը կոնկրետ որտեղի՞ց է մատուցվել», նա, ամենայն հավանականությամբ, պարզապես փորձում է ճիշտ որոշել հարկային հետևանքները։
Երբ փաստաթղթում գրվածը չի բացատրում իրական գործարքը
Մեկ այլ տարածված իրավիճակ՝ երբ առկա է պայմանագիր կամ հաշիվ, բայց այնտեղ օգտագործված ձևակերպումները չափազանց ընդհանուր են։
Օրինակ՝ փաստաթղթում գրված է.
«Խորհրդատվական ծառայություններ»։ Հաշվապահի համար սա գրեթե նույնն է, ինչ գրել՝ «ինչ-որ ծառայություն»։
Ի՞նչ խորհրդատվություն։
• Ֆինանսակա՞ն։
• Իրավաբանակա՞ն։
• Մարքեթինգայի՞ն։
• Տեխնիկական՞։
• Ծառայությունը մատուցվել է մեկ անգամ, թե շարունակական բնույթ ունի՞։
• Արդյո՞ք արդյունքը որևէ հաշվետվություն, ծրագիր կամ այլ ակտիվ է։
Այս հարցերի պատասխանները կարող են կարևոր լինել ոչ միայն հաշվապահական ձևակերպման, այլ նաև հարկային ռիսկերի գնահատման համար։ Հենց այստեղ է երևում, թե ինչու լավ Հաշվապահական ծառայություններ Հայաստանում նշանակում են ոչ միայն հաշվետվություններ ժամանակին ներկայացնել, այլ նաև ճիշտ հասկանալ բիզնես գործարքների բնույթը։
«Ես արդեն ասել եմ, որ դա գործնական ծախս է»
Սա նույնպես հաշվապահների կողմից հաճախ լսվող արտահայտություն է։ Սակայն հարկային մարմնի համար միայն սեփականատիրոջ համոզմունքը, որ ծախսը կապված է բիզնեսի հետ, միշտ չէ, որ բավարար է։ Անհրաժեշտ է հասկանալ և հնարավորության դեպքում փաստաթղթերով հիմնավորել՝
• ի՞նչ ծառայություն կամ ապրանք է ձեռք բերվել,
• ի՞նչ նպատակով,
• ո՞վ է օգտագործել այն,
• ի՞նչ կապ ունի այն ընկերության գործունեության հետ,
• և արդյո՞ք կան համապատասխան պայմանագիր, հաշիվ, ակտ կամ այլ փաստաթուղթ։
Օրինակ՝ ռեստորանում կատարված վճարումը կարող է լինել գործընկերոջ հետ գործնական հանդիպում, աշխատակիցների միջոցառում կամ պարզապես անձնական ընթրիք։ Բանկային քաղվածքից դա հնարավոր չէ հասկանալ։ Այդ պատճառով հաշվապահը հարցնում է։
Լավ հաշվապահը երբեմն կարող է «անհարմար» հարցեր տա
Կարող է տարօրինակ թվալ, բայց այն հաշվապահը, որը երբեք լրացուցիչ հարցեր չի տալիս, միշտ չէ, որ լավագույն տարբերակն է։ Եթե հաշվապահը պարզապես ընդունում է ցանկացած փաստաթուղթ և մեխանիկորեն գրանցում այն, խնդիրները կարող են ի հայտ գալ ամիսներ կամ նույնիսկ տարիներ անց՝ հարկային ստուգման ժամանակ։ Այդ պահին արդեն դժվար կլինի հիշել, թե ինչ նպատակով էր կատարվել որևէ վճարում կամ ինչ էր իրականում նշանակում պայմանագրում նշված ծառայությունը։ Այս պատճառով պրոֆեսիոնալ Հաշվապահական ընկերություններ Հայաստանում փորձում են պարզել անորոշ գործարքները հենց այն պահին, երբ դրանք կատարվում են։ Այո, երբեմն դա նշանակում է մի քանի լրացուցիչ WhatsApp կամ gmail հաղորդագրություն`
• «Այս վճարումը ինչի՞ համար էր»։
• «Փաստաթուղթ ունե՞նք»։
• «Ո՞վ էր ծառայություն մատուցողը»։
• «Սա անձնական ծախս չէ՞»։
Բայց այդ հարցերի նպատակը մեկն է՝ հետագայում նվազեցնել բիզնեսի հարկային և հաշվապահական ռիսկերը։
Ինչպե՞ս նվազեցնել հաշվապահի հարցերի քանակը
Եթե ցանկանում եք, որ հաշվապահը ձեզ ավելի քիչ հարցեր տա, լուծումը նրան հարցեր տալն արգելելը չէ։ Ավելի արդյունավետ է բիզնեսում ստեղծել պարզ կանոններ։ Օրինակ՝ յուրաքանչյուր ոչ ակնհայտ վճարման ժամանակ հաշվապահությանը փոխանցել կարճ բացատրություն, պայմանագրերը և հաշիվները պահպանել մեկ համակարգված վայրում, աշխատակիցներին սովորեցնել ծախսերի հետ միասին ներկայացնել հաստատող փաստաթղթերը, իսկ արտասահմանյան գործընկերների հետ գործարքների դեպքում նախապես տեղեկացնել հաշվապահին։ Այսպիսի պարզ գործընթացները զգալիորեն նվազեցնում են և՛ հարցերի քանակը, և՛ սխալների հավանականությունը։ Որակյալ Հաշվապահական ծառայություններ Հայաստանում հենց այսպիսի համագործակցություն են ենթադրում: Հաշվապահը ոչ միայն արձանագրում է այն, ինչ արդեն տեղի է ունեցել, այլ օգնում է բիզնեսին գործարքները ճիշտ կազմակերպել դեռ մինչև դրանց հարկային հետևանքները խնդիր դառնան։
Հաջորդ անգամ, երբ հաշվապահը հարցնի…
Երբ ձեր հաշվապահը հերթական անգամ գրի՝ «Կարո՞ղ եք մի փոքր մանրամասնել այս վճարումը», կարելի է չանհանգստանալ։ Նա, ամենայն հավանականությամբ, չի փորձում պարզել ձեր բիզնեսի գաղտնիքները։ Նա պարզապես փորձում է որոշել՝ դա ծախս է, ակտիվ, կանխավճար, պարտք, աշխատակցի փոխհատուցում, ծառայություն, թե մեկ այլ բան։
Եվ եթե դրանից հետո գալիս է ևս երկու հարց, դա նույնպես լավ նշան կարող է լինել։ Որովհետև հաշվապահության մեջ երբեմն ամենաթանկ սխալները սկսվում են հենց այն գործարքներից, որոնց մասին սկզբում բոլորը ասում էին.
«Դե դա պարզ է, այստեղ ի՞նչ հարց տալու բան կա»։


