«Մի փոքր հարց ունենք»․ ինչպե՞ս է հինգ րոպեանոց խորհրդատվությունը բացահայտում երկու ամսվա բիզնես
— Բարև ձեզ, մի փոքր հարց ունենք։ Շատ պարզ հարց է, հինգ րոպեից ավելի չի տևի։
Հաշվապահը բացում է նոթատետրը։ Հինգ րոպեն լավ սկիզբ է։ Երբեմն այդ ընթացքում իսկապես հնարավոր է պատասխանել հարցին։ Երբեմն էլ միայն հաջողվում է հասկանալ, թե որտեղից պետք է սկսել։
— Իհարկե, լսում եմ։ Ի՞նչ գործունեություն եք նախատեսում։
— Ծառայություններ ենք մատուցելու արտասահմանյան պատվիրատուներին։ Ուզում ենք հասկանալ՝ ընկերություն բացե՞նք, թե՞ ԱՁ։
— Այսինքն՝ դեռ չե՞ք գրանցվել։
— Դե, ընկերությունն արդեն բացել ենք՝ երկու ամիս առաջ։ Ուղղակի մտածում էինք՝ գուցե ԱՁ-ն ավելի հարմար լիներ։
Նոթատետրում հայտնվում է առաջին նշումը՝ Հարցը դեռ ձևակերպված չէ, սակայն արդեն պարզ է, որ այն ունի երկու ամսվա պատմություն։
Մենք դեռ առանձնապես չենք աշխատում
— Իսկ այս ընթացքում գործարքներ ունեցե՞լ եք։
— Չէ, դեռ առանձնապես չենք աշխատում։ Միայն մի պատվեր ենք արել։
— Վճարումն արդեն ստացե՞լ եք։
— Այո, երկու անգամ։ Առաջինը կանխավճար էր, երկրորդը՝ մնացած գումարը։ Բայց հիմնական աշխատանքը հաջորդ ամսից ենք սկսելու։
Գործարարի համար սա հասկանալի տրամաբանություն է։ Դեռ կայքը պատրաստ չէ, գրասենյակի ցուցանակը չկա, վաճառքի ծրագիրը վերջնական չէ։ Հետևաբար բիզնեսը կարծես դեռ չի մեկնարկել։ Առաջին պատվերը փորձնական էր։ Առաջին վճարումը՝ նախապատրաստական։ Առաջին հաճախորդը՝ գրեթե ծանոթ։ Բայց բանկային հաշվին հայտնված գումարն արդեն իր պատմությունն ունի։ Պետք է հասկանալ՝ ինչի՞ դիմաց է այն ստացվել, ի՞նչ պայմանավորվածություն կա, ի՞նչ փաստաթղթեր են կազմվել։ Հաշվապահություն վարելու համար պարտադիր չէ սպասել պաշտոնական բացմանը, հյուրերին ու շնորհավորական ծաղիկներին։
— Իսկ այդ վճարումների մասին ձեր հաշվապահը տեղյա՞կ է։
— Մենք դեռ հաշվապահ չունենք։ Մտածում էինք՝ երբ նորմալ սկսենք աշխատել, նոր կդիմենք։
Երեք հոգի են բայց աշխատողներ չունենք
Խոսակցությունը շարունակվում է։ Պարզվում է՝ պատվերը բավական ծավալուն էր, և այն կատարել են մի քանի հոգով։
— Աշխատակիցներ ունե՞ք։
— Ոչ։ Միայն երեք հոգի օգնում են։
— Ամեն օ՞ր։
— Այո, հիմնականում։ Մեկը հաճախորդների հետ է շփվում, երկուսը գործն են անում։
— Իսկ վարձատրությո՞ւնը։
— Ամսական պայմանավորվել ենք։ Առաջին ամսվա գումարն արդեն փոխանցել ենք։ Բայց իրենք մեր ծանոթներն են։
«Ծանոթ են» արտահայտությունը գործարար հարաբերություններում մեծ հանգստացնող ուժ ունի։ Ծանոթ մարդուն վստահում ենք, պայմանավորվում ենք արագ, աշխատանքի անցնելու համար երկար քննարկումներ պետք չեն։ Միայն թե ծանոթ լինելը դեռ չի բացատրում՝ ինչպե՞ս պետք է ձևակերպել աշխատանքը և վճարումը։
Այստեղ հաշվապահը չի փորձում փչացնել ընկերական մթնոլորտը։ Նա պարզապես պետք է պարզի հարաբերությունների իրական բնույթը, աշխատանքի սկիզբը, պայմանները և արդեն կատարված վճարումները։ Որովհետև «օգնում է» բառի հետևում կարող են լինել ամենօրյա աշխատանք, հստակ պարտականություններ և կանոնավոր վարձատրություն։
Զրույցի սկզբում ընկերությունը դեռ չէր աշխատում։ Հիմա արդեն պարզ է՝ աշխատում է երեք հոգով։
Պայմանագիրը հետո կուղարկեն
Հաջորդ հարցը վերաբերում է արտասահմանյան պատվիրատուին։
— Պայմանագիրը կարո՞ղ եք ուղարկել։
— Դեռ չենք ստորագրել։ Իրենց իրավաբանը արձակուրդում էր։ Բայց նամակագրությունը կա։
— Իսկ վճարումն ո՞ր ընկերությունն է կատարել։
— Կարծեմ իրենց գործընկեր ընկերությունը։ Անվանումը մի քիչ ուրիշ էր։ Դա խնդիր չի չէ՞։
Հինգ րոպեն արդեն անցել է։ Սուրճը դեռ տաք է, բայց նոթատետրում ազատ տեղ էլ չկա։
Այսպիսի իրավիճակում հնարավոր չէ մեկ ընդհանուր պատասխան տալ միայն այն պատճառով, որ վճարումը եկել է արտասահմանից։ Կարևոր են պատվիրատուն, ծառայության բովանդակությունը, պայմանավորվածությունները, վճարողը և փաստաթղթերը։ Դրանք պետք է միասին դիտարկել, որպեսզի պարզ լինի՝ իրականում ինչ գործարք է կատարվել։ Հաճախ ձեռնարկատերը այդ մանրամասները հիշում է հարցերի ընթացքում։ Ոչ թե ինչ-որ բան թաքցնելու համար։ Պարզապես նրա ուշադրությունը եղել է պատվերը ժամանակին ավարտելու և հաճախորդին գոհ պահելու վրա։
Բիզնեսը արագ է շարժվում իսկ տեղեկությունները ուշանում են
Նոր գործ սկսելը հազվադեպ է ընթանում իդեալական հերթականությամբ։ Մի օր հայտնվում է հաճախորդ, հաջորդ օրը՝ շտապ պատվեր։ Պետք է մարդ գտնել, սարքավորում գնել, հաշիվ բացել։ Բոլորը զբաղված են, իսկ փաստաթղթերը ենթադրվում է, որ կարելի է կարգավորել ավելի հանգիստ ժամանակ։ Այդ հանգիստ ժամանակը սովորաբար տեղափոխվում է հաջորդ շաբաթ։ Հետո՝ հաջորդ ամիս։ Իսկ երբ վերջապես հասնում է փաստաթղթավորման ժամանակը, արդեն պետք է հիշել՝ ով ե՞րբ է սկսել աշխատել, ՞ինչ գումար է ստացել, որ պայմանավորվածությունն է փոխվել և որտե՞ղ է մնացել դրա հաստատումը։
Արդյունքում խորհրդատվությունը սկսվում է ապագայի մասին հարցով, բայց մեծ մասը վերաբերում է անցյալին։ Ընկերության ղեկավարը ուզում է հասկանալ՝ ինչպե՞ս ճիշտ շարունակել։ Հաշվապահը նախ պետք է հավաքի այն ինչ արդեն տեղի է ունեցել։ Սա նման է բժշկին զանգահարելուն ու հարցնելուն՝ կարելի՞ է վաղվանից մարզվել, իսկ հետո ավելացնում եք, որ երկու ամիս առաջ ոտքը վնասել եք։ Պատասխանը մի փոքր ավելի երկար է լինելու։
Ինչի՞ց սկսել եթե արդեն սկսել եք
Լավ նորությունն այն է, որ նման զրույցը կարող է դառնալ կարգուկանոնի սկիզբ։ Դրա համար պետք չէ հորինել ավելի գեղեցիկ պատմություն կամ սպասել, մինչև բոլոր փաստաթղթերը պատրաստ լինեն։ Ավելի օգտակար է հերթականությամբ ներկայացնել իրական պատկերը՝ ե՞րբ է գրանցվել ընկերությունը, ի՞նչ աշխատանք է կատարվել, ի՞նչ գումարներ են ստացվել կամ վճարվել, ովքե՞ր են ներգրավված եղել։ Հետո հավաքել բանկային քաղվածքները, պայմանագրերը, հաշիվները և գործարքներին առնչվող նամակագրությունը։
Այդ տեղեկություններով մասնագետը կարող է գնահատել իրավիճակը, պարզել անելիքները և առաջնահերթությունները։ Որոշ հարցեր պարզաբանման կարիք կունենան, մյուսները՝ փաստաթղթերի կամ արդեն կատարված քայլերի ստուգման։ Ամեն դեպք իր մանրամասներն ունի։ Կարևոր է, որ առաջին հանդիպմանը մասնակցի նաև այն մարդը, ով գիտի պայմանավորվածությունների պատմությունը։ Միայն փաստաթղթերը փոխանցող աշխատակիցը միշտ չէ, որ կարող է բացատրել՝ ինչու՞ է վճարել այլ ընկերություն կամ ի՞նչ պայմանով է ներգրավվել մասնագետը։
Երբ հինգ րոպեն իսկապես բավական է
Հետագայում շատ հարցեր կարող են իսկապես լուծվել արագ։ Երբ ձեր հաշվապահը տեղեկացված է գործունեությանը, ճանաչում է գործարքների ընթացքը և ժամանակին ստանում է փաստաթղթերը, յուրաքանչյուր նոր հարցի համար ամբողջ պատմությունը վերականգնելու կարիք չի լինում։ Նոր մարդ եք ներգրավում՝ քննարկեք պայմանները մինչև աշխատանքի մեկնարկը։ Նոր պատվիրատուի հետ եք պայմանավորվում՝ փոխանցեք նախագիծը մինչև ստորագրելը։ Անսովոր վճարում եք սպասում՝ նախապես բացատրեք դրա նպատակը։ Այսպես հաշվապահություն վարելը դառնում է ընթացիկ աշխատանքի բնական մասը։
IMPRESS-ում մեզ համար օգտակար խորհրդատվությունը սկսվում է բիզնեսի իրական պատկերը հասկանալուց։ Որքան շուտ են հայտնի մանրամասները, այնքան ավելի հստակ կարելի է կազմակերպել հաջորդ քայլերը։
Իսկ այդ առաջին զրույցի վերջում գործարարը սովորաբար ժպտում է։
— Փաստորեն մեր հարցն այնքան էլ փոքր չէր։
— Հարցը փոքր էր։ Ուղղակի ձեր բիզնեսն արդեն հասցրել էր մեծանալ։
Եվ հաջորդ անգամ զանգը կարող է սկսվել ավելի օգտակար նախադասությամբ․ «Մի նոր բան ենք նախատեսում։ Եկեք նախ ձեզ հետ քննարկենք»։


