Փոփոխվել է նպաստների հաշվարկման և վճարման գրեթե ամբողջ կանոնակարգը

Ներդրվել է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ` նպաստները կնշանակվեն, կհաշվարկվեն և կվճարվեն Միասնական սոցիալական ծառայության կողմից։ Սեպտեմբեր ամսից նպաստ ստանալու համար շահառուն այլևս որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չի ունենա:
Ազգային Ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը։
Մինչ այս եղած կարգավորումների համաձայն՝ ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստի նշանակման, հաշվարկման և վճարման համար վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ներկայացնում էր գործատուին, որի հիման վրա վերջինս հաշվարկում, նշանակում և իր միջոցների հաշվին վճարում էր նպաստը։ Ընդ որում, պետական բյուջեից գործատուի ծախսը փոխհատուցվում էր՝ մայրության նպաստի ամբողջ գումարի չափով, իսկ ժամանակավոր անաշխատունակության նպաստի՝ 6-րդ օրվանից հետո ընկած ժամանակահատվածի համար վճարված գումարի չափով:
Նոր համակարգով սեպտեմբեր ամսից Միասնական սոցիալական ծառայությունը նպաստները կնշանակի, կհաշվարկի անաշխատունակության վերաբերյալ էլեկտրոնային առողջապահական համակարգից և եկամուտների վերաբերյալ հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվական համակարգից ինքնաշխատ եղանակով ստացված տվյալների հիման վրա:
Սեպտեմբեր ամսից անաշխատունակության թերթիկներն այլևս չեն կիրառվի, դրանք քաղաքացիներին կտրվեն միայն բացառիկ դեպքերում (օրինակ` օտարերկրյա պետության լիազոր մարմնին ներկայացնելու համար)։
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 18.04.2025 թ.-ից և տարածվում այն դեպքերի վրա, երբ ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է կամ դրանից հետո:
Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=205729