Նորություններ

ՊԵԿ-ը նոր բացված բիզնեսին ՀԴՄ սարք չունենալու համար չի տուգանի

ՊԵԿ-ը նոր բացված բիզնեսին ՀԴՄ սարք չունենալու համար չի տուգանի

Պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարողների նկատմամբ վարչարարությունն իրականացնում է հիմնականում մոնիթորինգային գործիքակազմով և տուգանքի սանկցիան կիրառվում է ծայրահեղ դեպքում: Այդ մասին կառավարության նիստից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք կարողանում են տնտեսվարողներն աշխատել առանց ՀԴՄ սարքերի, որոնց ձեռքբերման հետ կապված վերջին շրջանում խնդիրներ են առաջացել:

Նրա խոսքով՝ տուգանքի սանկցիան կիրառվելու է ծայրահեղ դեպքում, և այն լինելու է վերջին կիրառման գործիք, որից այս պահին ՊԵԿ-ը ձեռնպահ է մնում:

Իրավիճակը, որ կառավարությունը կոչ է անում ներդրումներ ու բիզնես իրականացնել,  բայց ներդրում իրականացրած տնտեսվարողները չեն կարողանում գործունեություն ծավալել ՀԴՄ չունենալու պատճառով՝ ՊԵԿ նախագահն անվանեց շարքային և տրամաբանական: «Նաև բիզնեսին եմ ես ինչ-որ տեղ հասկանում: Ազատականացումը, որ կառավարությունը ձեռնարկել է, շատ դեպքերում բիզնեսը կարող է չհավատալ այդ ազատականացմանը: Եվ իր քայլերը ոչ թե առաջանցիկ տեմպերով անի, այլ պետք է լինի զգույշ և հաշվենկատ»,- նկատեց նա:

Անանյանը նշեց, որ այս տարվա փետրվարի դրությամբ ՀԴՄ ՊՈԱԿ-ն ունեցել է 13500 ՀԴՄ 3300 հայտի պայմաններում, և մտածել են, որ մինչև հոկտեմբեր դա կբավականացնի, մինչև բիզնեսը կսկսի ՀԴՄ-ներ ներկրել:

Նրա խոսքով՝ այսօր 9 կազմակերպություն ակտիվ աշխատում են այդ ուղղությամբ և վստահեցնում են, որ առաջին խմբաքանակը սեպտեմբերի երկրորդ կեսին հասանելի կլինի, իսկ գինը կտատանվի 100-120 հազար դրամի սահմաններում: Նա շեշտեց, որ պետությունը չի կարող դրանք սուբսիդավորել, բիզնեսի ակտիվների նկատմամբ այդպիսի որոշում կայացնելը խելամիտ չէ:

Ըստ ՊԵԿ նախագահի՝ ՀԴՄ սարքերի պահանջարկն այս պահին գրեթե 10 հազար է: «Եթե բիզնեսը նոր է բացվել, ապա տնտեսվարողը կարող է իր գործունեությունն իրականացնել մինչև ՀԴՄ ձեռք բերելը: ՊԵԿ-ը ձեռնպահ կմնա նրան անմիջապես տուգանելուց, բայց կայցելի տնտեսվարողին ու մոնիթորինգային կարգով վարչարարություն կիրականացնի: Եթե նա իր գործունեության արդյունքները ճիշտ կհայտարարագրի, մենք այդ պահին հսկիչ դրամարկղի մեքենայի չկիրառման հետ կապված իրեն այդ պահին չենք տուգանի», - վստահեցրեց ՊԵԿ նախագահը:

Հղումը armenpress.am

Plus
Share