Նորություններ

Նոր ներդրումային նախագիծ Ծաղկունք համայնքում

Նոր ներդրումային նախագիծ Ծաղկունք  համայնքում

Մայիսի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնք՝ ծանոթանալու «ԴԱՐ տարածքային զարգացման և մրցունակության հիմնադրամի» կողմից իրականացվող «Գագարին նախագծի» մանրամասներին։

Նախարարի պաշտոնակատարը կարևորել է նման ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ նմանատիպ ծրագրերը նոր հնարավորություններ են ստեղծում ոչ միայն զբոսաշրջային հնարավորությունները զարգացնելու համար, այլև նպաստում են գյուղական համայնքների բնակիչների կյանքի որակի բարելավմանը։

«Գագարին նախագիծն» ուղղված է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր գյուղական համայնքների և Սևան համայնքի Գագարին բնակավայրն ընդգրկող տարածքների համալիր զարգացման ծրագրի մշակմանն ու իրականացմանը։ Այն նպատակ ունի ձևավորելու կայուն զարգացող և նորարար կենսակերպով ինքնաբավ համայնքներ, որոնք կնպաստեն բնակիչների բարեկեցությանը և ստեղծագործականության բարձրացմանը։

 

«Գագարին նախագծի» շրջանակում իրականացվող պիլոտային նախագծերից մեկը Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի կենտրոնի վերակառուցումն է։ Ծաղկունք համայնքը վերջին մի քանի տարիներին հանդիսանալով ներքին և արտաքին զբոսաշրջիկների գրավչության վայր՝ «ԴԱՐ տարածքային զարգացման և մրցունակության հիմնադրամը» նախատեսում է հիմնանորոգել Հրազդան-Սևան Հ29 հանրապետական նշանակության ճանապարհի գյուղամիջյան հատվածը՝ գյուղի կենտրոնի հատվածում՝ ձևավորելով գյուղական յուրահատուկ հրապարակ։ Ճանապարհի կառուցմանը զուգընթաց փոխվելու են նաև անհրաժեշտ ստորգետնյա ենթակառուցվածքները, ինչպես նաև նախատեսվում է առկա պուրակի բարեկարգում, նոր զբոսայգու կառուցում և կանաչապատում։ Նոր զբոսայգու հողատարածքը, որը պատկանում է Հիմնադրամին, փոխանցվելու է Ծաղկունք համայնքին: Գյուղի կենտրոնում նախատեսվում է նաև զբոսաշրջային տեղեկատվական-կենտրոնի, համատեղ աշխատանքային հարթակի (co-working space) և համայնքային հավաքատեղիի (վարսավիրանոց, խանութ-սրճարան, մեծահասակների խաղասրահ) կառուցում։

 

Ծրագրի շրջանակում մինչև 2025 թվականը նախատեսվում է պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով իրականացնել շուրջ 1160 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր։

 

Այցի ընթացքում Վահան Քերոբյանը եղել է Ծաղկունք համայնքի կենտրոնական հատվածում գտնվող վերակառուցված և տուրիստական գրավչության վերափոխված 19-րդ դարի գլխատանը, նորակառույց հյուրատներում և Սբ Սարգիս եկեղեցում, որին տանող ճանապարհը նույնպես վերանորոգվել է Հիմնադրամի կողմից։

 

Հղումը՝  armtimes.com

Plus
Share