Նորություններ

Նոր արտահանման հեռանկարներ

Նոր արտահանման հեռանկարներ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 12-ին այցելել է Արմավիրի մարզ՝ «Արմավիր ֆրութ» ՍՊԸ չրագործական ընկերության գործունեությանը ծանոթանալու և Կողբավանում 2019 թվականին հիմնադրված պիստակի այգում իրականացվող աշխատանքները դիտարկելու նպատակով։

«Արմավիր ֆրութ» ընկերության տնօրեն՝  Հայկ Մանուկյանը, տեղեկացրել է, որ ընկերությունն իր արտադրությունը սկսել է 2020 թվականին։ Վերջինիս հիմնական գործունեությունը գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ սև սալորի վերամշակումն է և հայկական էկոլոգիապես մաքուր չորամրգերի արտահանումն ԱՄՆ՝ նախատեսելով ընդլայնել իր գործունեությունը և ավելացնել արտահանման ծավալները։

Ընկերությունն առաջին տարում փորձնական մթերումներն իրականացրել է տարբեր մարզերից, սակայն հիմնական մատակարարներն Արմավիրի մարզի գյուղացիներն են։ Արտադրությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ընկերությունը քայլեր է ձեռնարկում նաև հումքի վերամշակումից ստացվող մնացորդների ամբողջական վերամշակման ուղղությամբ։ Իսկ մրգերի չորացումն իրականացվում է թունելային վառարաններով և ընկերությունն ընդհանուր առմամբ, նախատեսում է ներդնել շուրջ 50 թունելային վառարան։ Արտադրական գործընթացում օգտագործվող սարքավորումները ձեռք են բերվել ԱՄՆ-ից, Չիլիից, Արգենտինայից և Չինաստանից։

 

Այցի ընթացքում Վահան Քերոբյանը եղել է նաև «Արմեն ֆրութ ընդ նատ» ՍՊԸ կողմից Կողբավանում հիմնված 1100 հա տարածքով պիստակի այգում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին և խոսել ընկերության գործունեության զարգացման հնարավորությունների մասին։ 2020 թվականին այգու տարածքը կազմել է 60 հա, այս տարվա ընթացքում նախատեսվում է այն ընդլայնել ևս շուրջ 85 հեկտարով։ Իսկ հայկական արտադրության պիստակները կհամալրեն միջազգային շուկաներ արտահանվող հայկական ապրանքատեսակների շարքերը։

 

Կարևորելով հայկական արտադրության՝ արտասահմանյան շուկաներում ներկայացվածությունը և արտահանման ծավալների մեծացումը՝ Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ընկերությանը իրենց բիզնես պլանի իրագործման գործընթացում առաջացող ընթացիկ խնդիրների արագ և արդյունավետ լուծման հարցերում։

 

Հղումը՝  armtimes.com

Plus
Share