Նորություններ

Փորձ և վերապատրաստում` եկամտային հարկի վերադարձի դիմաց, մշակող արդյունաբերության ոլորտում

Փորձ և վերապատրաստում` եկամտային հարկի վերադարձի դիմաց, մշակող արդյունաբերության ոլորտում

   Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատուժի առկա բացերը մեղմելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման աջակցության նոր միջոցառում, որին կարող են մասնակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ևս: 

  Մշակող արդյունաբերության գործատուներին փոխհատուցելով մեկ տարվա եկամտային հարկի գումարը այն աշխատողների համար, ովքեր կատարել են անընդմեջ 12 ամսվա  աշխատանք` ծրագիրը նախատեսում է ներգրավել նոր աշխատողների տարբեր ոլորտներում: Այս քայլը ոչ միայն ուժեղացնում է աշխատաշուկան, այլև ստեղծում է կայուն աճի հնարավորություններ՝ մեղմելով կառուցվածքային անհավասարակշռությունը և հզորացնելով բազմազան աշխատուժը:

 

Ծրագրով առաջարկվում է հետևյալը՝

 

  • - Եթե մշակող արդյունաբերության ճյուղի գործատուները աշխատանքի են վերցնում և 1 տարի վերապատրաստում և վարձատրում են Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, ապա 12 ամիսը լրանալուն պես, բիզնեսին վերադարձվում է այդ անձի մասով տարվա ընթացքում վճարված եկամտային հարկի գումարները:

 

  • - Եթե մշակող արդյունաբերության ճյուղի գործատուները աշխատանքի են վերցնում և 1 տարի վերապատրաստում և վարձատրում են ՀՀ քաղաքացի անձանց, ովքեր նախորդ 3 տարվա ընթացքում չեն աշխատել մշակող արդյունաբերության ոլորտում, ապա 12 ամիսը լրանալուն պես, բիզնեսին վերադարձվում է այդ անձի մասով տարվա ընթացքում վճարված եկամտային հարկի գումարները: Ընդ որում պարտադիր պայման է համարվում տվյալ աշխատողների կողմից եկամտային հարկի վերադարձի իրավունքից օգտված չլինելը, կամ որոնց եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հաստատման հայտը չի հաստատվել հարկային մարմնի կողմից։

 

ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ` 

 

  Հայաստանի Հանրապետությունում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող այն առևտրային կազմակեր­պություն­ները և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ դիմումը ներկայացնելու և (կամ) նախորդող օրացուցային տարվա (տարիների) ընթացքում միկրոձեռնար­կա­տիրության սուբյեկտ հանդիսացող (հանդիսացած) տնտեսավարողների՝

ա. որոնք դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունեն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով հարկային պարտա­վորություններ, և

բ. որոնց դիմումի ներկայացման օրվան նախորդող տարվա ընթացքում յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկներով ներկա­յացված շրջանառության առնվազն 80%-ը ձևավորվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված՝ «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» «C (ՍԻ) Մշակող արդյունաբերություն» խմբում ներառված գործունեության տեսակներից։

 

ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ ԾՐԱԳՐԻՆ

 

   Անհրաժեշտ է լրացնել հատուկ սահմանված հայտը (ձև 282) «Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման վերաբերյալ») և դիմումը, և ունենալ աշխատողի կողմից ստորագրված գրավոր համաձայնություն: Աջակցությունը ստանալու նպատակով շահառուն ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգին ներկայացնում է դիմում (ձև 288) «Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառման աջակցություն ստանալու», որի ներկա­յացման վերջնաժամկետը 2027 թվականի մարտի 1-ն է։

 

 Դիմումը ներկայացվելու պահին ՊԵԿ-ի կողմից ինքնաշխատ եղանակով ստուգվում են սույն միջոցառմամբ սահմանված պայմանների բավարարման հիմքերը: Չբավարարելու դեպքում դիմումը հնարավոր չի լինում հանձնել և այդ մասին տեղեկացվում է դիմումը ներկայացնողին։ Սահմանված պայմանները բավարարված լինելու դեպքում դիմումն ընդունվում է, և աջակցության գումարը շահառուին փոխանցելու նպատակով ՊԵԿ-ը դիմումը ներկայացնելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթաց­քում աջակցության գումարը փոխանցում է առևտրային բանկեր՝ շահառուի բանկային հաշվին:

Աջակցության չափը 1 աշխատողի հաշվով ոչ ավելի քան 500.000 ՀՀ դրամ է 1 տարվա կտրվածքով։

 

Հղումը՝  https://www.arlis.am/hy/acts/186288

 

Plus
Share