Նորություններ

Ինտենսիվ այգեգործության նոր ծրագիր

Ինտենսիվ այգեգործության նոր ծրագիր

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2022-2023 թթ. ծրագիրը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշեց, որ ծրագրի իրականացումը հնարավորություն կտա հանրապետությունում ավելացնել այգիների տարածքները, բարելավել տնկիների և արտադրված արտադրանքի որակը, արդյունավետ օգտագործել հողային և ջրային ռեսուրսները, կանխարգելել բնակլիմայական աղետներից վնասները, ավելացնել արտադրվող արտադրանքի, ինչպես նաև ոչ ավանդական բարձր ավելացված արժեք ձևավորող գյուղատնտեսական արտադրանքի ծավալները և արտաքին շուկայում բարելավել մրցակցային դիրքերը։

 

Ծրագրի նպատակն է` պետական աջակցության մեխանիզմների, մասնավորապես՝ մատչելի վարկավորման և ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով՝ հանրապետությունում ինտենսիվ այգեգործության՝ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների, հատապտղանոցների հիմնման, ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակման, ինչպես նաև ջրավազանների կառուցման, ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար նպաստավոր պայմանների ստեղծումը։ Ծրագրով նախատեսվում է տարեկան հիմնել 500 հա ինտենսիվ այգի, որի համար ներդրումների միջին չափը գնահատվում է շուրջ 15 մլրդ դրամ (1 հա այգեհիմնման ծախսը կարկտապաշտպան ցանցով միջինը կազմում է 29,8 մլն դրամ)։ Արդյունքում ՀՀ-ում արտադրվող պտղի և հատապտղի ծավալները տարեկան կավելանան շուրջ 11,5 հազար տոննայով։

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ պտղաբուծությամբ, խաղողագործությամբ և հատապտուղների արտադրությամբ զբաղվում են հանրապետության 10 մարզերի շուրջ 60․5 հազար տնտեսավարողներ՝ մեկ տնտեսության բաժին է ընկնելով 0.1 - 200 հա։ ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրի շրջանակում 2020 թ.-ին 53 տնտեսավարողի կողմից հիմնվել է 518.6 հա ինտենսիվ այգի, ՀՀ գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման ծրագրի շրջանակում 2 տնտեսավարողի կողմից կարկտապաշտպան ցանց է ներդրվել 14.5 հա-ի վրա, իսկ Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագրերի շրջանակում 14 տնտեսավարողի կողմից ոռոգման արդիական համակարգ է ներդրվել 239.4 հա-ի վրա։

 

Առավել մանրամասն նյութի հետ կարող եք ծանոթանալ այստեղ։

Plus
Share