Եկամուտների պարտադիր հայտարարագրում, կամ ինչ պետք է իմանալ դրա մասին

Հնարավոր է՝ լսել եք, որ Հայաստանում 2023-2025թթ․ փուլային եղանակով ներդրվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը, և արդեն այս տարի հազարավոր քաղաքացիներ պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները։
Դե, մենք էլ, ինչպես միշտ, շտապում ենք լուսաբանել և տեղեկացնել ամենակարևորի մասին։ Մասնավորապես, այսօր կխոսենք այն մասին, թե ինչ է ենթադրում եկամուտների հայտարարագրումը, ով պետք է ներկայացնի հայտարարագիր, ինչպես է դա արվելու, և ինչ է պետք իմանալ։
Ֆիզիկական անձանց եկամուտների հաշվարկման (հայտարարագրման ) քայլերը
Քայլ 1․ Անհրաժեշտ է ճշտել, արդյոք տվյալ հաշվետու ժամանակաշրջանի (ամիս կամ տարի) համար դուք հանդիսանում եք հայտարարագիր ներկայացնող
Քայլ 2․ Ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը առաջարկվող տարբերակներից որևէ մեկով
Քայլ 3․ Հաշվառվել հարկային մարմնում և ստանալ ՀՎՀՀ
Քայլ 4․ Լրացնել հայտարարագիրը ՊԵԿ էլեկտրոնային հարթակի միջոցով
Քայլ 5․ Վճարել հարկերը կամ հետ ստանալ սոցիալական ծախսերի մասով փոխհատուցում
Ո՞վ պետք է հայտարարագիր ներկայացնի
2024թ․-ի հաշվետու տարվա համար 2025թ․-ի մինչև մայիսի 1-ը ներառյալ հայտարարագիր պետք է ներկայացնեն այն ֆիզիկական անձիք, որոնք՝
- 1. 2024 թվականի ընթացքում համարվել է վարձու աշխատող,
- 2. 2024 թվականի ընթացքում ստացել է քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ,
- 3. 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցրել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և/կամ հանրային պաշտոն,
- 4. 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել է 2023 թ.ի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից,
- 5. 2024 թվականի ընթացքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով համարվել է իրավաբանական անձի իրական շահառու,
- 6. 2024 թվականի ընթացքում ստացել է 20 մլն դրամի չափով կամ ավելի փոխառություն,
- 7. 2023 թվականի համար հանդիսացել է Հաշվարկ (Հայտարարագիր) ներկայացնող:
2023-2024թթ. համար 20,0 մլն. դրամի չափով կամ ավելի փոխառության ստացման դրույթը վերաբերում է բացառապես փոխառություններին և չի վերաբերում բանկերի (վարկային կազմակերպությունների) կողմից տրամադրվող վարկերին:
2025 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար՝ բոլոր ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեն:
Ինչպե՞ս ներկայացնել հայտարարագիր
Քաղաքացիները եկամտային հարկի տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնեն self-portal.taxservice.am կայքի «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգ»-ի հայտարարագրման բաժնից։ Համակարգից օգտվելու և հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային ստորագրություն: Այժմ գործում էլեկտրոնային ստորագրության երկու տարբերակ։
Տարբերակ առաջին
Բջջային հեռախոսի միջոցով, ինչի համար անհրաժեշտ է՝
- - ունենալ նույնականացման քարտ (ID Card), իսկ չունենալու դեպքում՝ ձեռք բերել այն ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակից։
- - Նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել Ձեր կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, որտեղ բջջային հեռախոսահամարի քարտը (SIM) կփոխարինվի նոր քարտով, իսկ օպերատորին փոխելու դեպքում՝ կտեղադրվի նոր քարտ։
- - Բջջային կապի օպերատորի սպասարկող անձնակազմի օգնությամբ և Ձեր մասնակցությամբ ակտիվացնել էլեկտրոնային նույնականացումը։
- - Ակտիվացնել էլեկտրոնային ստորագրության ծառայությունը՝ կապի օպերատորի սպասարկման կենտրոնում, ինչպես նաև ինքնուրույն՝ վճարային տերմինալների միջոցով կամ այցելելով՝ https://www.ekeng.am/hy/payments։
Տարբերակ երկրորդ
Էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով, ինչի համար անհրաժեշտ է՝
- ունենալ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակից ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրեր:
- Ունենալ ընթերցող սարք, որը կարող եք նաև ձեռք բերել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ից։
- Այցելել www.ekeng.am կայք և հետևելով ուղեցույցներին՝ ակտիվացնել էլեկտրոնային քարտը և ստանալ էլեկտրոնային ստորագրություն:
Ի՞նչ է սոցիալական ծախսը և ինչպե՞ս օգտվել փոխհատուցումից
Սոցիալական ծախս է համարվում՝
- 1. Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերումը,
- 2. Հայաստանում իրականացվող կրթական հաստատություններին կատարված ուսման վճարները (նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները)։
Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է սոցիալական ծախս կատարելիս ծառայություն մատուցողից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթուղթ (invoice)՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ։
Որքան է կազմում սոցիալական ծախսը
Առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը տարեկան 50.000 դրամն է։ Կրթության գծով՝ տարեկան առավելագույնը 100.000 դրամը։ Անհրաժեշտ է հիշել, որ ֆիզիկական անձի՝ իր և ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի առավելագույն չափը կազմում է տարեկան 100.000 դրամ։
Իսկ ի՞նչ կլինի, եթե չհայտարարագրել
Եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում սահմանում է վարչական պատասխանատվություն։ Հայտարարագիրը առաջին անգամ չներկայացնելու դեպքում կիրառվում է նախազգուշացում, այնուհետև 30 օրվա ընթացքում հաշվարկ-հայտարարագիր չներկայացնելու դեպքում նախատեսվում է 50 հազար դրամի չափով տուգանք՝ ՀՀ ռեզիդենտ հանդիասցող քաղաքացիների համար, որոնք՝
- հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են դրան նախորդող տարվա արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր փայատեր, անդամ),
- «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի համաձայն համարվում են իրական շահառու,
- հաշվետու տարվա ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն։
Նշված խմբերում չներառված ֆիզիկական անձանց համար նախատեսվում է տուգանք՝ 5 հազար ՀՀ դրամի չափով։
Տուգանք վարչական տույժը կիրառելուց հետո, 30 օրվա ընթացքում տարեկան հաշվարկ-հայտարարագիրը չներկայացնելու դեպքում, տուգանքի չափը կրկնապատկվում է։