Ինչպես ճիշտ դուրս գրել էլեկտրոնային հաշիվ-ապրանքագիր, որտե՞ղ են ամենից հաճախ սխալվում վաճառողները
Մարքեթփլեյսներում աշխատող վաճառողների մեծամասնության մոտ հաշվապահական հաշվառման, հարկային հաշվետվության և ֆինանսական վերահսկողության տեսանկյունից գրեթե միշտ նույն պատկերն է կրկնվում։ Սկզբնական փուլում բիզնեսի զարգացումն ուղեկցվում է վաճառքների աճով, պատվերների քանակի ավելացմամբ, շրջանառության մեծացմամբ և դրամական հոսքերի ակտիվացմամբ։ Այս փուլում կառավարման ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է լոգիստիկ գործընթացների, ապրանքային մնացորդների կառավարման, մատակարարման շղթայի և մարքեթինգային ծախսերի վրա, իսկ էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի (ՀԱ), հաշիվ-ապրանքագրերի դուրսգրման, առաջնային փաստաթղթաշրջանառության և հարկային հաշվառման վարումը հաճախ հետաձգվում է «հետոյի համար»։
Ժամանակի ընթացքում, երբ կատարվում է հաշվապահական տվյալների ռեկոնսիլիացիա (համադրում), պարզվում է, որ որոշ ՀԱ-ներ դուրս են գրվել ուշ՝ խախտելով հաշվեգրման (accrual) սկզբունքը, որոշները՝ ընդհանրապես չեն ձևակերպվել, իսկ որոշ դեպքերում առաջանում են անհամապատասխանություններ մարքեթփլեյսների հաշվետվությունների, բանկային քաղվածքների, վաճառքի ռեգիստրների և հաշվապահական հաշվառման գրանցումների միջև։ Օպերացիոն կառավարման տեսանկյունից այս շեղումները կարող են թվալ ոչ էական, սակայն հարկային ռիսկերի կառավարման և ֆինանսական վերահսկողության տեսանկյունից դրանք հանդիսանում են ամենատարածված և զգայուն խնդիրներից։
Ինչու՞ է սա կարևոր
Էլեկտրոնային հաշիվ-ապրանքագիրը (ՀԱ) հանդիսանում է ոչ միայն առաջնային հաշվապահական փաստաթուղթ, այլ նաև հարկային հաշվառման հիմնարար տարր, որի հիման վրա իրականացվում է՝ եկամտի ճանաչումը, ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) հաշվարկումը, հարկային բազայի ձևավորումը, ֆինանսական հաշվետվությունների կառուցումը։ Եթե ՀԱ-ների դուրսգրումը իրականացվում է ուշ, ոչ լիարժեք կամ սխալ, խախտվում է ամբողջ հաշվապահական և հարկային հաշվառման շղթան, եկամուտը արտացոլվում է սխալ հաշվետու ժամանակաշրջանում, ԱԱՀ պարտավորությունները հաշվարկվում են ոչ ճշգրիտ, և հարկային ստուգումների (աուդիտների) ընթացքում առաջանում են լրացուցիչ պարզաբանումների, վերահաշվարկների և ճշգրտումների անհրաժեշտություն։ Գործնականում սա հաճախ հանգեցնում է տուգանքների, տույժերի, լրացուցիչ հարկային պարտավորությունների և հարկային ռիսկերի բարձրացման։
Որտե՞ղ են հիմնական սխալները
Փորձը ցույց է տալիս, որ խնդիրները հիմնականում կապված չեն բարդ հարկային սխեմաների կամ օպտիմիզացիոն կառուցվածքների հետ, այլ առաջանում են պարզ գործընթացային և վերահսկողական բացերից։
Առաջին՝ ՀԱ-ների ձևակերպումը կատարվում է ոչ թե վաճառքի գործարքի իրականացման պահին, այլ ուշացումով՝ ըստ ժամանակի առկայության, ինչն առաջացնում է հաշվեգրման սկզբունքի խախտում։
Երկրորդ՝ հաշվապահական գրանցումները հաճախ կապվում են դրամական միջոցների մուտքի հետ, մինչդեռ հարկային օրենսդրության համաձայն առաջնային է վաճառքի փաստը։
Երրորդ՝ մարքեթփլեյսի միջնորդավճարը հաճախ սխալ է դասակարգվում՝ կամ չի առանձնացվում որպես ծախս,կամ սխալ կերպով նվազեցվում է հասույթից՝ խաթարելով համախառն եկամտի և զուտ եկամտի ցուցանիշները։
Չորորդ՝ բացակայում է ներքին վերահսկողության համակարգը, հաշվապահական քաղաքականություն փաստաթղթաշրջանառության հստակ կարգը, ինչի արդյունքում սխալները կուտակվում են և դառնում համակարգային։
Ինչպե՞ս պետք է լինի
Ճիշտ կազմակերպված հաշվապահական և հարկային հաշվառման դեպքում ՀԱ-ի դուրսգրումը դադարում է լինել առանձին գործողություն և ինտեգրվում է ընդհանուր հաշվառման համակարգի մեջ։ Վաճառքների տվյալները պարբերաբար համադրվում են մարքեթփլեյսների հաշվետվությունների հետ։ ՀԱ-ները ձևակերպվում են վաճառքի փաստի հիման վրա՝ ապահովելով եկամտի ճիշտ ժամանակագրական ճանաչում։ Եկամուտները, միջնորդավճարները, լոգիստիկ ծախսերը և այլ գործառնական ծախսերը հստակ տարանջատվում են համապատասխան հաշվապահական հաշիվներում։
Եվ բիզնեսի աճի հետ գործընթացը աստիճանաբար ավտոմատացվում է։
IMPRESS-ի տեսանյութերում կարելի է գտնել նաև կարճ գործնական հոլովակ, որտեղ քայլ առ քայլ ներկայացված է, թե ինչպես ճիշտ ձևակերպել և դուրս գրել էլեկտրոնային ՀԱ՝ պահպանելով հարկային և հաշվապահական պահանջները։ https://www.youtube.com/watch?v=7A6QsRiF798
Այն ներկայացնում է հիմնական մեթոդաբանությունը և հաշվառման տրամաբանությունը, որը օգնում է նվազեցնել հաշվապահական սխալների և հարկային ռիսկերի հավանականությունը։
Ե՞րբ պետք է ուշադրություն դարձնել
Կան մի շարք ցուցանիշներ, որոնք վկայում են, որ գործող հաշվապահական համակարգը այլևս չի համապատասխանում բիզնեսի ծավալներին․
• շրջանառության և գործարքների քանակի կտրուկ աճ,
- • ՀԱ-ների կուտակում և ուշ ձևակերպում,
- • տվյալների անհամապատասխանություն տարբեր հաշվառման աղբյուրների միջև,
- • հաշվապահական և հարկային հաշվետվությունների միջև շեղումներ։
Այս փուլում խնդիրը արդեն կրում է համակարգային բնույթ և պահանջում է գործընթացների վերանայում։ Եվ որքան շուտ իրականացվի այդ վերլուծությունը, այնքան նվազ կլինեն ֆինանսական կորուստները և հարկային ռիսկերը։
Գործնական փորձ
Wildberries և Ozon հարթակներում գործունեություն իրականացնող վաճառողների հետ աշխատելիս հաճախ հանդիպում ենք նույնատիպ իրավիճակների։ Խնդիրը հիմնականում չի պայմանավորված մասնագիտական գիտելիքների պակասով, այլ այն հանգամանքով, որ հաշվապահական հաշվառման համակարգը, փաստաթղթաշրջանառությունը և ներքին վերահսկողությունը չեն հասցնում բիզնեսի աճին։ Այսպիսի դեպքերում հաճախ բավարար է իրականացնել ֆինանսական և հարկային ախտորոշում՝
• համադրել տվյալները,
• վերլուծել հաշվապահական գրանցումները,
• ստուգել ՀԱ-ների դուրսգրման ճշգրտությունը,
• համապատասխանեցնել գործընթացները գործող հարկային կարգավորումներին։
Շատ հաճախ արդեն այս փուլում հնարավոր է բացահայտել սխալների աղբյուրը, իրականացնել ճշգրտումներ և վերականգնել հաշվապահական հաշվառման ամբողջականությունը։ Եվ երբեմն նման մեկ համակարգային վերլուծությունը թույլ է տալիս խուսափել զգալի տուգանքներից, հարկային լրացուցիչ պարտավորություններից և լուրջ իրավական հետևանքներից ապագայում։


