Նորություններ

Ինչպես են հարկային մարմինները Հայաստանում ընտրում ընկերություններին ստուգումների համար

Ինչպես են հարկային մարմինները Հայաստանում ընտրում ընկերություններին ստուգումների համար

  Շատ գործարարներ հարկային ստուգումների վերաբերյալ ունեն թյուր ըմբռնում։ Ինչ-որ պահի ընկերության «բախտը չի ժպտում» և համակարգը պատահական ընտրում է այն, տեսուչը ուսումնասիրում է, և բիզնեսը ստանում է ստուգման մասին ծանուցում։ 


  Իրականում ամեն ինչ սովորաբար շատ ավելի համակարգված է։ Մինչև այն պահը, երբ ընկերությունը ստանում է առաջին հարցումը հարկային մարմիններից, ստուգումը հաճախ արդեն փաստացի սկսված է լինում։ Պարզապես բիզնեսի սեփականատերը դրա մասին դեռ չգիտի։ 

 

 Այսօր հարկային մարմինները գործում են բոլորովին այլ կերպ, քան տասը կամ տասնհինգ տարի առաջ։ Ստուգումները գնալով ավելի քիչ են կրում պատահական բնույթ և ավելի շատ հիմնված են տվյալների վերլուծության վրա։ Իսկ այն տեղեկատվության ծավալը, որը տեսնում է հարկային մարմինը, շատ գործարարներ լրջորեն թերագնահատում են։ Հարկային մարմինները տեսնում են ոչ միայն հաշվետվությունները։

 

   Այսօր հարկային մարմինների տրամադրության տակ գտնվում է ահռելի տեղեկատվական բազա ինտեգրված հզոր արհեստական բանականության գործիքներով, որի շնորհիվ իրականացվում են հարկատուների բազմաշերտ և բազմաբնույթ վերլուծություններ։ Այդ վերլուծությունների արդյունքում վեր են հանվում բազմաբովանդակ ռիսկային գործոններ, որոնց հիման վրա էլ ընտրվում են ոլորտներ և կամ կազմակերպություններ որոնք հայտնվում են հարկային մարմինների թիրախում։ Նրանք ուսումնասիրում են գործունեության ոլորտը, շրջանառությունը, ԱԱՀ գործարքները, աշխատավարձերը, բանկային շարժերը, դրամարկղային գործառնությունները, գործընկերներին, միջազգային փոխանցումները, ֆինանսական ցուցանիշների կտրուկ փոփոխությունները և նույնիսկ այն, թե ինչպես է ընկերությունը տարբերվում նույն ոլորտում գործող այլ բիզնեսներից։ Հենց այդ պատճառով շատ բիզնեսների համար ստուգումը անակնկալ է թվում միայն ֆորմալ առումով։ Համակարգի տեսանկյունից ընկերությունը կարող էր արդեն վաղուց դիտվել որպես բարձր ռիսկային։ Երբեմն ամեն ինչ սկսվում է շատ պարզ երևույթներից։ 

 

   Օրինակ՝ ընկերությունն ունի ակտիվ շրջանառություն, աճող գործունեություն և աշխատակիցներ, բայց տարիներ շարունակ ցույց է տալիս նվազագույն շահույթ։ Կամ IT ընկերությունը բազմաթիվ մասնագետներով հայտարարագրում է շուկայից զգալիորեն ցածր աշխատավարձեր։ Կամ բիզնեսը մշտապես աշխատում է «զրոյով», չնայած ակնհայտ ակտիվ գործունեությանը։ Այս իրավիճակներից յուրաքանչյուրը կարող է լիովին օրինական լինել։ Սակայն հարկային մարմինների համար դրանք ազդակներ են, որոնք արժե ավելի ուշադիր ուսումնասիրել։ Հատկապես, եթե ընկերության ցուցանիշները զգալիորեն տարբերվում են ոլորտային միջինից։ Ժամանակակից հարկային վերահսկողությունը մեծապես հիմնված է անոմալիաների հայտնաբերման վրա։ Համակարգը միշտ չէ, որ գիտի կա խախտում, թե ոչ։ Բայց այն շատ լավ է նկատում այն իրավիճակները, որոնք արտասովոր են թվում։ Եվ որքան շատ նման ազդակներ են կուտակվում, այնքան բարձր է հավանականությունը, որ ընկերությունը կհայտնվի ուշադրության կենտրոնում։ Երբեմն խնդիրն առաջանում է այնտեղ, որտեղ գործարարը նույնիսկ չէր էլ սպասում։

 

  Ընկերությունը կարող է լիովին թափանցիկ աշխատել, ժամանակին ներկայացնել հաշվետվություններ և կատարել իր հարկային պարտավորությունները։ Սակայն եթե գործընկերներից մեկը հայտնվում է կասկածելի գործարքների կամ հարկային մարմինների ուշադրության ներքո, ստուգումները կարող են արագ տարածվել ամբողջ շղթայով։ Հարկային մարմինները բիզնեսները գրեթե երբեք չեն դիտարկում մեկուսացված։ Նրանք դիտարկում են կապերը։ Հենց այդ պատճառով այսօր շատ ստուգումներ սկսվում են ոչ թե այն պատճառով, որ հենց ընկերությունն է կասկածելի թվացել, այլ այն պատճառով, որ հարցեր են առաջացել նրա հետ կապված մեկ այլ կողմի վերաբերյալ։

 

  ԱԱՀ-ն շարունակում է մնալ ամենազգայուն ոլորտներից մեկը։ Գրեթե բոլոր երկրներում ԱԱՀ-ի հետ կապված գործառնությունները համարվում են հարկային հիմնական ռիսկային գոտիներից մեկը, և Հայաստանը բացառություն չէ։ Երբ ընկերությունը սկսում է ակտիվ աշխատել ծառայությունների արտահանման, 0% ԱԱՀ դրույքաչափի, մեծ վերադարձների կամ բարդ միջազգային գործարքների հետ, ուշադրության մակարդակը սովորաբար ինքնաբերաբար բարձրանում է։ Այս երևույթը դեռ չի նշանակում, որ ընկերությունը խախտում է իրականացնում։ Սակայն հարկային մարմինների տրամաբանությունը պարզ է․ որտեղ կա հարկային օպտիմալացման հնարավորություն, այնտեղ նաև բարձր է սխալների կամ չարաշահումների հավանականությունը։ Երբեմն լրացուցիչ ուշադրությունը պայմանավորված է ոչ թե կառուցվածքով, այլ բիզնեսի վարքագծի կտրուկ փոփոխություններով։

 

Օրինակ՝

 

  •     • շրջանառությունը կտրուկ աճել է,
  •     • աշխատակիցների թիվը նվազել է,
  •     • փոխվել է հարկային ռեժիմը,
  •     • հայտնվել են անսովոր միջազգային փոխանցումներ,
  •     • կամ բիզնեսը սկսել է ավելի շատ աշխատել կանխիկով։
  •  

   Գործարարի համար այս ամենը կարող է լիովին տրամաբանական լինել։ Սակայն համակարգը նման փոփոխությունները հաճախ ընկալում է որպես հնարավոր ռիսկ։ Ընդհանուր առմամբ հարկային մարմինները սիրում են կանխատեսելիություն։ Որքան ավելի կայուն և հասկանալի է թվում բիզնեսը, այնքան ավելի հանգիստ է այն ընկալվում վերահսկողության տեսանկյունից։ Սակայն երբ բիզնեսի կառուցվածքը սկսում է չափազանց «կատարյալ» թվալ հարկերի նվազեցման տեսանկյունից, ուշադրությունը սովորաբար զգալիորեն ուժեղանում է։ Հատկապես դա վերաբերում է արհեստական կառուցվածքներին։ Վերջին տարիներին հարկային մարմիններն ավելի ու ավելի շատ ուշադրություն են դարձնում ոչ միայն փաստաթղթերին, այլև գործարքների իրական տնտեսական բովանդակությանը։ Պայմանագիրը կարող է իդեալական կազմված լինել։ Փաստաթղթերը կարող են լիովին համապատասխանել պահանջներին։ Սակայն եթե ամբողջ կառուցվածքը ստեղծված է միայն հարկային առավելություն ստանալու համար՝ առանց իրական բիզնես տրամաբանության, ռիսկերը զգալիորեն աճում են։

 

Այդ պատճառով այսօր ավելի հաճախ հարցեր են առաջանում՝

 

  •     բիզնեսի արհեստական բաժանման,
  •     բազմաթիվ ԱՁ-ների օգտագործման,
  •     «նոմինալ» տնօրենների,
  •     իրական ներկայություն չունեցող ընկերությունների,
  •     կամ ֆիկտիվ ծառայությունների վերաբերյալ։
  •  

     Եվ սովորաբար խնդիրը սկսվում է ոչ թե հենց կառուցվածքից, այլ այն պահից, երբ այն դադարում է համոզիչ թվալ բիզնես տրամաբանության տեսանկյունից։ Շատ գործարարներ մինչ օրս հարկային ստուգումը պատկերացնում են որպես տեսուչների ֆիզիկական այց գրասենյակ։ Իրականում ամեն ինչ հաճախ սկսվում է շատ ավելի վիրտուալ կամ կամերալ տեսքով։ Սկզբում գալիս է փաստաթղթերի հարցում։ Հետո՝ պարզաբանումների պահանջ։ Այնուհետև՝ հարցեր կոնկրետ գործարքների, ԱԱՀ-ի կամ գործընկերների վերաբերյալ։ Եվ հենց պատասխանների որակի հիման վրա հարկային մարմինները որոշում են, թե որքան խորությամբ շարունակել գործընթացը։ Շատ դեպքերում ստուգման արդյունքը փաստացի որոշվում է դեռ մինչև դրա պաշտոնական մեկնարկը։

 

   Թափանցիկ կառուցվածք, կարգավորված փաստաթղթեր և բիզնեսի տրամաբանական մոդել ունեցող ընկերությունները սովորաբար շատ ավելի հանգիստ են անցնում այս փուլերը։ Իսկ այն բիզնեսները, որոնք տարիներ շարունակ փորձել են «չերևալ», հաճախ խնդիրների են բախվում արդեն առաջին հարցումներից հետո։ Գործարարների ամենավտանգավոր մոլորություններից է այն որ «Եթե մեզ դեռ չեն ստուգել, ուրեմն ամեն ինչ կարգին է»։ Ցավոք, դա միշտ չէ, որ այդպես է։ Երբեմն ստուգման բացակայությունը պարզապես նշանակում է, որ համակարգը դեռ չի հասել տվյալ ընկերությանը։ Այսօր ուժեղ բիզնեսը միայն աճը, եկամուտը կամ շահույթը չէ։ Այն նաև կարողությունն է՝ բացատրելու սեփական կառուցվածքը, գործունեությունը և հարկային մոդելը այնպես, որ դրանք տրամաբանական թվան ոչ միայն սեփականատիրոջ, այլ նաև հարկային մարմինների համար։

 

Plus
Share