Հիշեցնում ենք հարկային հաշվարկների ու հաշվետվությունների ներկայացման ժամկետների մասին
Հիշեցնում ենք հարկման տարբեր ռեժիմներում գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից հարկային մարմին ներկայացվող հաշվարկների և հաշվետվությունների ներկայացման ժամկետների մասին։
ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐ
Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում գործունեություն իրականացնող տարբեր սուբյեկտների համար սահմանված են հարկային հաշվարկներ և հաշվետվություններ ներկայացնելու տարբեր ժամկետներ։ Այսպես,
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ
Եթե ֆիզիկական անձը ցանկանում է գործել միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում, ապա նախքան գործունեություն սկսելը կամ շարունակելը, հարկային մարմին պետք է ներկայացնի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն։ Ընդ որում, հայտարարությունը կարող է ներկայացնել հարկային տարվա ընթացքում ընտրված ցանկացած ամսվա, մի քանի ամիսների կամ ամբողջ հարկային տարվա համար։
Միկրոձեռնարկատիրության շրջանակում թույլատրելի գործունեության տեսակներին կարող եք ծանոթանալ այստեղ՝
https://www.facebook.com/share/p/17ixGmPF6r/
- Անհատ ձեռնարկատեր և ռեզիդենտ առևտրային կազմակերպություն
Միկրոձեռնարկատիրության համակարգում որպես անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպություն գործող տնտեսվարող սուբյեկտները ներկայացնում են երկու տեսակի հարկային հաշվարկներ․
- - Տարեկան հաշվետվություն
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերը և ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները մինչև հարկային տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը ներառյալ, պետք է հարկային մարմին ներկայացնեն հաշվետվություն՝ նախորդ հարկային տարվա ընթացքում իրականացված գործունեության բոլոր տեսակների իրացման շրջանառության վերաբերյալ։
- - Եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ
Եթե միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերը կամ կազմակերպությունները, որպես հարկային գործակալ, հաշվարկել և վճարել են աշխատավարձ կամ ֆիզիկական անձանց վճարված այլ եկամուտ, ապա մինչև յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, հարկային մարմին պետք է ներկայացնեն եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ։
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ
Շրջանառության հարկ վճարողների համար հարկային հաշվարկների ներկայացման ժամկետները հետևյալն են.
1․ Շրջանառության հարկի հաշվարկ
Շրջանառության հարկ վճարող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը մինչև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացնում շրջանառության հարկի հաշվարկ։
2․ Եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ
Եթե շրջանառության հարկ վճարող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, որպես հարկային գործակալ, հաշվարկել և վճարել են աշխատավարձ կամ ֆիզիկական անձանց վճարված այլ եկամուտ, ապա մինչև յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին պետք է ներկայացնի եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ։
3․ Շահութահարկի հաշվարկ
Շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերերը մինչև հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացնում նաև շահութահարկի հաշվարկ։
4․ Սոցիալական վճարի տարեկան հաշվարկ
1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերերը մինչև հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացնում անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի տարեկան հաշվարկ։
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ
Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) վճարողները հարկային մարմին ներկայացնում են չորս տեսակի հարկային հաշվարկներ, որոնց ներկայացման ժամկետները հետևյալն են․
1․ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ
ԱԱՀ վճարող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները մինչև յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացնում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ։
2․ Եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ
Եթե ԱԱՀ վճարող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերը կամ նոտարները, որպես հարկային գործակալ, հաշվարկել և վճարել են աշխատավարձ կամ ֆիզիկական անձանց վճարված այլ եկամուտ, ապա մինչև յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին պետք է ներկայացնեն եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ։
3․ Շահութահարկի հաշվարկ
ԱԱՀ վճարող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները մինչև հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացնում շահութահարկի հաշվարկ։
4․ Սոցիալական վճարի տարեկան հաշվարկ
1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված ԱԱՀ վճարող անհատ ձեռնարկատերերը և նոտարները մինչև հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացնում սոցիալական վճարի տարեկան հաշվարկ։
ԱՅԼ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ
Միաժամանակ, անկախ հարկման ռեժիմից՝ եթե իրականացվել են նշված գործարքները, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև հետևյալ հաշվարկները և (կամ) տեղեկությունները․
- - ԵԱՏՄ երկրներից ապրանքների ներմուծման դեպքում՝ մինչև հաջորդ ամսվա 20-ը պետք է ներկայացնել ներմուծման հարկային հայտարարագիր և ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին հայտարարություն,
- - ԵԱՏՄ երկրներ ապրանքների արտահանման դեպքում՝ արտահանման օրվանից 180 օրացուցային օրվա ընթացքում պետք է ներկայացնել արտահանման հարկային հայտարարագիր,
- - եթե միկրոձեռնարկատիրության սուբյեկտի կամ շրջանառության հարկ վճարողի կողմից դուրս գրված հարկային հաշվում առանձնացվել է ԱԱՀ, ապա պետք է ներկայացնել նաև ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ,
- ակցիզային հարկ վճարող լինելու դեպքում՝ մինչև հաջորդ ամսվա 20-ը պետք է ներկայացնել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ,
- - բնապահպանական հարկի կամ բնօգտագործման վճարների առաջացման դեպքում պետք է մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներկայացնել համապատասխան միասնական հարկային հաշվարկ։
- ՀՀ կառավարության 06.07.2017թ. N 802-Ն որոշմամբ սահմանված N2 և N3 հավելվածների ցանկերում (ցանկերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://arlis.am/hy/acts/177260/latest) ներառված ապրանքների, այդ թվում՝ օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների արտադրողները և ներմուծող-իրացնողները պետք է մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ ներկայացնեն ապրանքների, այդ թվում՝ օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվություն։
- - ֆիզիկական անձանց պասիվ եկամուտներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց եկամուտներ վճարելու դեպքում հարկային գործակալները պետք է մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա մարտի 1-ը հարկային մարմին ներկայացնեն այդ անձանց եկամուտների, դրանցից հաշվարկված և պահված եկամտային հարկի վերաբերյալ անհատական տեղեկություններ, բացառությամբ` բանկային կամ ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունների։
- - Ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին եկամուտ վճարված լինելու դեպքում շրջանառության հարկ և (կամ) ԱԱՀ վճարող հարկային գործակալները պետք է մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնեն նախորդ հաշվետու եռամսյակում ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկ։


