Նորություններ

Հայկական գինեգործության զարգացման հնարավորությունների ծրագիր

Հայկական գինեգործության զարգացման հնարավորությունների ծրագիր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է «Զորահ» գինեգործական ընկերություն՝ ծանոթանալու ընկերության հիմնադիր տնօրեն Զորիկ Ղարիբյանի՝ հայկական գինեգործության զարգացման հեռանկարով գինու հնեցման համար կարասների պատրաստման ավանդույթը վերականգնելու ծրագրին։

Զորիկ Ղարիբյանը կնոջ՝ Երազի հետ մտադիր է հիմնել կարասագործության դպրոց, որտեղ կպատրաստվեն վարպետներ ոչ միայն իրենց գործարանի և Վայոց ձորի մարզի, այլև Հայաստանի բոլոր գինեգործական ընկերությունների համար։ Նրանք վստահ են, որ այս նախաձեռնությունը կնպաստի, որ Հայաստանը, վերականգնելով իր վեցհազարամյա գինեգործական ավանդույթները և համադրելով դրանք ժամանակակից լավագույն փորձի ու տեխնոլոգիաների հետ, նաև օգտագործելով խաղողի զուտ բնիկ սորտերը, հեղինակավոր և առաջատար դեր ստանձնի համաշխարհային գինեգործության ոլորտում։

Սփյուռքահայ գործարար Զորիկ Ղարիբյանը Հայաստանում խաղողագործությամբ և գինեգործությամբ սկսել է զբաղվել 2001 թվականից՝ նպատակ ունենալով հայկական խաղողից արտադրել բարձրորակ գինի և ներկայացնել այն աշխարհին: Գործարարը գինու հնեցման համար օգտագործում է գյուղացիներից ձեռք բերված հին կարասներ, ինչն էլ Հայաստանում կարասագործության ավանդույթը վերականգնելու գաղափարի հիմք է հանդիսացել։

«Զորահ» գործարանի գինին արտահանվում է 25 երկրներ, այն Bloomberg-ի ցուցակում լավագույնների տասնյակում է:

 

«Զորահ» գինեգործարանի տնօրենը գործարանին հարակից տարածքում նախաձեռնել է նաև փոքր հյուրանոցային համալիրի կառուցում՝ բոլոր այցելուների համար, ովքեր, բացի գինի համտեսելուց, հնարավորություն կունենան շրջելու խաղողի այգիներով, ծանոթանալու գինեգործական աշխատանքներին, նաև վայելելու բնության չքնաղ տեսարանները։

 

Նախարարը ողջունել է ներկայացված ծրագրերը և կարևորել դրանց իրականացումը ինչպես Հայաստանի գինեգործության, այնպես էլ զբոսաշրջության զարգացման տեսակետից։ Ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել հնարավորության շրջանակում օժանդակել ծրագրերի իրագործմանը։

 

Հղումը՝  armtimes.com  

Plus
Share