Նորություններ

Ճանապարհի վճար կսահմանվի միջպետական բեռնափոխադրողների համար

Ճանապարհի վճար կսահմանվի  միջպետական բեռնափոխադրողների համար

Հայաստանի Հանրապետությունում գրանցված և չգրանցված միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող ինչպես անհատ ձեռներեցների, այնպես էլ ընկերությունների համար նախատեսվում է սահմանել հավասար պայմաններով ճանապարհային վճար: Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Հայաստանի Հանրապետությունում գործող ընկերությունների համար, որոնք բեռնափոխադրումներ են իրականացրել՝ սահմանված է եղել ճանապարհային հարկ, սակայն 2018 թվականի հունվարի 1-ից՝ հարկային նոր օրենսգրքով, այն հանվել է:

«Եվրոպական կանոնակարգի պահանջների համաձայն հարկերն ու վճարները չպետք է կրեն դիսկրիմինացիոն բնույթ և չպետք է կախված լինեն բեռնափոխադրողների հաշվառված լինել կամ չլինելուց»,- ասաց ՏԿԵ փոխնախարարը:

Անդրադառնալով վճարի վերաբերյալ չափորոշիչներին, որը 1 կիլոմետրի դիմաց կազմելու է մինչև 50 դրամ, Սիմոնյանն ասաց, որ տվյալ օրենքը չի կիրառվելու բոլոր մեքենաների դեպքում:

«Այն մեքենաները, որոնք 12 տ և ավելի բեռնափոխադրում կիրականացնեն, 1 կիլոմետրի դիմաց կվճարեն մինչև 50 դրամ ճանապարհային վճար: Այս նախագիծը վերաբերում է բեռներ տեղափոխողներին: Այժմ դասակարգման հարցը քննարկվում է նաև ըստ սռնիների, քանի որ կան բեռնատարներ, որոնք աշխատում են 3, 4 կամ 6 սռնիով: Որքան շատ են սռնիները, այդքան ավելի մեծ է լինում ճանապարհի վրա ծանրությունը, հետևաբար վնասներն են մեծ լինում: Ուսումնասիրելով նաև միջազգային փորձը՝ մենք եկել ենք այն եզրահանգման, որ ամենաօպտիմալ առավելագույն գինը պետք է կազմի 50 դրամ»,- ընդգծեց Սիմոնյանը:

Նախարարության կողմից առաջարկվող նախագծի ընդունման դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2021 թվականից:

 

Հղումը՝  armenpress.am

Plus
Share