Նորություններ

Ազգային օպերատորի պարտականություններն ընդլայնվում են

Ազգային օպերատորի պարտականություններն ընդլայնվում են

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ որոշվել է ընդլայնել ազգային օպերատոր համարվող «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ին վերապահված պարտականությունները: Ընկերությունը կոշիկից բացի կազմակերպելու է նաև մի խումբ այլ ապրանքների մակնշման գործընթացը, մասնավորապես` կաթնամթերք, թեթև արդյունաբերության ապրանքներ, օծանելիք, հարդաջուր, ֆոտոխցիկներ (բացի կինոխցիկներից), օդաճնշման ռետինե նոր ծածկադողեր և անվադողեր:

 

Նախքան մակնշման ազգային օպերատորի մշակած համակարգերը պատրաստ կլինեն տրամադրել դրոշմապիտակներ, հայաստանյան տնտեսվարողները Ռուսաստանի Դաշնության տարածք նշված ապրանքները տեղափոխելիս կարող են մակնշման տեղեկատվությունը փոխանակել ՌԴ ռեզիդենտ վստահված անձանց միջոցով` ի դեմս ներմուծողների: Որպես ՌԴ ռեզիդենտ վստահված անձ կարող է հանդես գալ նաև արտասահմանյան ընկերության հավատարմագրված մասնաճյուղը:

 

Այսպիսով` մինչև ազգային օպերատորի կողմից համակարգերի ներդրումը, Ռուսաստանի ներմուծող կազմակերպությունը կարող է համապատասխան ապրանքների համար պատվիրել մակնշման կոդեր և տրամադրել հայաստանյան ընկերությանը (արտահանողին): Նույնականացման միջոցներն ապրանքներին պետք է փակցվեն մինչև ՌԴ ներմուծելը:

Ապրանքների մակնշման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ честныйзнак.рф կայքում: 

 

Հղումը՝  ՊԵԿ կայք

Plus
Share