Նորություններ

Աջակցություն տնտեսվարողներին՝ վարկային պայմանների դյուրացմամբ

Աջակցություն տնտեսվարողներին՝ վարկային պայմանների դյուրացմամբ

Կառավարությունն ընդունեց որոշում, որով փոփոխություններ կատարեց կորոնավիրուսի դեմ պայքարի 3-րդ ծրագրում՝ շուրջ 800 տնտեսավարողների վարկավորելով շուրջ 9 մլրդ դրամի չափով:

Ըստ Էկոնոմիկայի նախարարի՝ այժմ անհրաժեշտություն էր առաջացել մի փոքր ճկունություն մտցնել վարկային պայմանների մեջ, որովհետև տնտեսավարողների մեծ մասը չէր օգտվել արտոնյալ ժամկետից։ Ըստ այդմ, տնտեսավարողի դիմումի հիման վրա կարող է տրամադրվել վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով, հաշվի առնելով, որ միջոցառման շրջանակներում տրամադրված վարկերի ժամկետը 36 ամիս է:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Համաձայն Ներդրումների աջակցման կենտրոնի կողմից տրամադրված տեղեկատվության՝ 2020թ դեկտեմբերից 2021թ փետրվար ամիսներին շուրջ 685 շահառուներից 35 շահառու չի կատարել վարկերի մարման պարտավորությունները՝ շուրջ 16 մլն դրամի։ Սակայն մարտ-ապրիլ ամիսներին պարտավորությունները չկատարած շահառուների թիվը կավելանա 50-60%-ով՝ կազմելով շուրջ 60։ Միջոցառման բոլոր շահառուների վարկերի մայր գումարների մարման մեկ ամսվա ընդհանուր գումարը կազմում է միջինում 220 մլն դրամ։ Դիտարկելով միաժամանակ արտոնյալ ժամանակահատվածից օգտվելու հնարավորությունը՝ ըստ նախնական հաշվարկների, 6 ամսով կհետաձգվեն շուրջ 1,3 մլրդ դրամի վարկային միջոցների մարումներ»։

Ներկայումս գործող որոշման համաձայն՝ նշված վարկերին ներկայացված պահանջներում, ի թիվս այլ պահանջների, ներառված է դրույթ, ըստ որի վարկերը տրամադրվում են առավելագույնը 36 ամիս մարման ժամկետով։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Նախագծով առաջարկվող արտոնյալ ժամկետը պետք է սահմանվի նշված 36 ամսյա ժամանակահատվածում՝ մինչև ժամկետի լրանալը, այսինքն, վարկի մարման ժամանակահատվածը չի կարող գերազանցել վարկի մարման համար սահմանված առավելագույն ժամկետը, այն է՝ 36 ամիսը։

 

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառման շահառուների համար ժամանակ շահել՝ ներկայիս փոփոխվող պայմաններին արձագանքելու նպատակով, և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու համար։

 

Հղումը՝ armenpress.am

Plus
Share