Նորություններ

2026թ -ից աշխատանքային պայմանագրերը կկնքվեն միայն թվային եղանակով՝ ինչ պետք է իմանան գործատուներն ու աշխատողները

2026թ -ից աշխատանքային պայմանագրերը կկնքվեն միայն թվային եղանակով՝ ինչ պետք է իմանան գործատուներն ու աշխատողները

   Հայաստանն անցում է կատարում էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի համակարգին, որը նպատակ ունի բարելավել աշխատանքային հարաբերությունների թափանցիկությունը, պարզեցնել պայմանագրերի կնքման գործընթացը և ուժեղացնել պետական վերահսկողությունը։

   Այս առումով ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը լրացվել է  Գլուխ 13.1-ով՝ «Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգը» վերնագրով: ԱՕ նոր փոփոխությունները նախատեսում են ոչ միայն նոր աշխատանքային պայմանագրերի կնքման, փոփոխման և լուծման թվայնացում, այլև տարածվում են նախկինում կնքված աշխատանքային պայմանագրերի և դրանց կից համաձայնագրերի վրա: Այս համապարփակ մոտեցումը նախատեսում է, որ ինչպես ընթացիկ, այնպես էլ նախկին աշխատանքային պայմանագրերը ենթարկվեն թվայնացման:

  Այս փոփոխությունները նախատեսում են աստիճանական անցում դեպի էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի օգտագործման՝ միաժամանակ հրաժարվելով թղթային աշխատանքային պայմանագրերից։ 

 

Անցումային փուլերը հետևյալն են՝

 

  • 2025 թվականի հուլիսի 1-ից գործատուներին տրվել է հնարավորություն կամավոր միանալու էլեկտրոնային համակարգին,
  • 2026 թվականի հունվարի 1-ից համակարգին միանալը դառնալու է պարտադիր բոլոր գործատուների համար, և թղթային տարբերակով կնքվող պայմանագրերն այլևս իրավական ուժ չեն ունենալու։
  •  

Այսպիսով, 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը գործատուները կարող են կնքել աշխատանքային պայմանագրերն ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային տարբերակով։ 

Սակայն, սկսած 2026 թվականի հունվարի 1-ից՝ բոլոր նոր պայմանագրերը պետք է կնքվեն թվային հարթակի միջոցով, իսկ նախկինում կնքված թղթային աշխատանքային պայմանագրերը 2026 թվականի հունվարի 1-ից հետո՝ տասներկուամյա ժամկետում պետք է թվայնացվեն և մուտքագրվեն Համակարգ։

 Նոր թվային համակարգը մշակվել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից և գործարկվել է «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի» միջոցով։ 

 

  Նոր համակարգը հնարավորություն է տալիս գործատուներին ստեղծել և էլեկտրոնային եղանակով ստորագրել աշխատանքային պայմանագրեր, աշխատանքի ընդունման ու պայմանագրի լուծման հրամաններ և համաձայնագրեր։ Համակարգում բոլոր փաստաթղթերը կարող են ձևավորվել երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։
Միաժամանակ, աշխատողները համակարգ կարող են մուտք գործել «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»-ի միջոցով՝ իրենց հետ կնքված փաստաթղթերը դիտելու և ստորագրելու համար։

 

 Այս անցումը նպատակ ունի պարզեցնել աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացը և ապահովել աշխատաշուկայում ավելի մեծ արդյունավետություն և անվտանգություն, մասնավորապես հիմնական նպատակներն են՝

 

 - Աշխատանքային հարաբերությունների թափանցիկության ապահովում՝ թույլ տալով, որ աշխատանքային պայմանագրի բոլոր պայմանները լինեն հստակ, հասանելի և ստուգելի ինչպես աշխատողի, այնպես էլ գործատուի և վերահսկող մարմինների համար,

- Աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացի թվայնացում՝ կողմերին հնարավորություն ընձեռելով պայմանագրեր կնքել էլեկտրոնային ստորագրությամբ, ինչը զգալիորեն կպարզեցնի գործընթացը և կկրճատի վարչարարությունը,

- Պետական վերահսկողության մեխանիզմների ուժեղացում՝ վերհսկող մարմիններին հնարավորություն տալով մշտապես և օպերատիվ կերպով մուտք ունենալ պայմանագրերին՝ բացահայտելու հնարավոր խախտումները և ապահովելու օրենսդրության պահպանումը,

 - Պայմանագրերի մշտական հասանելիություն՝ ցանկացած պահի պայմանագրերը հասանելի կլինեն աշխատողի, գործատուի և վերահսկող մարմինների համար։

 

Գործատուի հասանելիությունն ու գործողությունները Համակարգում

 

Գործատուն մուտք է գործում Համակարգ և լրացնում աշխատանքային պայմանագրի համապատասխան դաշտերը։

Պարտադիր լրացվող դաշտերն են՝

  1. - Պայմանագրի համարը, վայրը և ամսաթիվը
  2. - Գործատուի ՀՎՀՀ և անվանում (ֆիզ. անձի դեպքում՝ անուն, ազգանուն, հայրանուն)
  3. - Աշխատողի անձնական տվյալներ՝ անուն, ազգանուն, ՀԾՀ, անձնագիր 
  4. - Աշխատանքի վայր, բաժանմունք/գրասենյակ
  5. - Աշխատանքի սկսման ամսաթիվ
  6. - Պաշտոնի անվանում և աշխատանքային գործառույթներ կամ հավելված
  7. - Աշխատավարձի չափ, որոշման ձևը, հարկեր, հավելավճարներ
  8. - Պայմանագրի տեսակը (որոշակի/անորոշ ժամկետ), ժամկետի նշում
  9. - Փորձաշրջանի պարամետրեր (եթե կիրառվում է)
  10. - Աշխատաժամանակի ռեժիմ, շաբաթական տևողություն
  11. - Արձակուրդի տեսակ և տևողություն
  12. - Ստորագրող անձի պաշտոն և տվյալներ
  13. - Կողմերի ծանուցման եղանակ։

 

  Պայմանագիրը լրացնելուց հետո գործատուն էլեկտրոնային ստորագրությամբ հաստատում է պայմանագիրը, որի վերաբերյալ ծանուցում է ուղարկվում աշխատանքի ընդունվող անձի (աշխատողի) էլեկտրոնային հասցեին։

Հարկ է նշել, որ Համակարգը զուգահեռաբար ինքնաշխատ կերպով ձևավորում է աշխատողի գրանցման հայտը, որի տվյալները կրկնում են պայմանագրում նշված աշխատանքային տեղեկությունները, իսկ պայմանագրի լուծման դեպքում ինքնաշխատ ձևով ստեղծվում է աշխատողի աշխատանքից ազատվելու գրանցման հայտը:

Այս կերպ գործատուն Համակարգում այլևս առանձին չի լրացնում և փոփոխում գրանցման հայտը։ Ինքնաշխատ ձևավորված գրանցման հայտը Գործատուն հարկային մարմին է հանձնում մինչև գրանցման հայտը ձևավորվելու աշխատանքային օրվա ավարտը։

 

Աշխատողի հասանելիությունն ու գործողությունները Համակարգում

 

Աշխատողները պետք է ունենան էլեկտրոնային ստորագրություն, եթե դեռ չունեն։ 

 

Մուտք Համակարգ։ ՀՀ քաղաքացի աշխատողները Համակարգ մուտք են գործում «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով, իսկ օտարերկրյա քաղաքացիները՝ հարկ վճարողի հաշվառման համարով (ՀՎՀՀ) և/կամ ՊԵԿ-ի կողմից տրամադրվող մուտքանուն-գաղտնաբառով։

Աշխատանքային պայմանագրի ստորագրում: Աշխատողը պայմանագրի կամ դրա փոփոխության բովանդակության հետ համաձայն լինելու դեպքում, ոչ ուշ, քան դրանցում նախատեսված ուժի մեջ մտնելու ժամկետին նախորդող աշխատանքային օրը էլեկտրոնային եղանակով ստորագրում է փաստաթուղթը։

 

Ընդ որում, ՀՀ քաղաքացիները պայմանագիրը ստորագրում են նույնականացման քարտում զետեղված էլեկտրոնային թվային ստորագրության կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրության միջոցով, իսկ օտարերկրյա քաղաքացիները կիրառելու են այլ էլեկտրոնային թվային ստորագրության լուծումներ (չսահմանափակվելով CoSign կամ համակարգի ներդրման պահին առկա այլ էլեկտրոնային ստորագրության տեսակներով):

Կարևոր է նշել, որ մինչև 16 տարեկան աշխատողների համար աշխատանքային պայմանագրերը կարող են ստորագրել միայն նրանց ծնողները, որդեգրողները կամ խնամակալները, ովքեր նույնպես պետք է օգտագործեն էլեկտրոնային ստորագրություն:

 

Համակարգի կառավարումը և պետական մարմինների հասանելիությունը

 

Համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը ՀՀ ՊԵԿ-ն է։

 

Համակարգին հասանելիություն ունեցող պետական մարմիններն ու նրանց գործառույթներն են՝

 

1. ՊԵԿ։ Հասանելիություն ունի այն ծավալով, որը անհրաժեշտ է՝

  • - Աշխատանքի ընդունման փաստի օրինական գրանցման և գրանցման հայտի ճշգրտության ստուգման համար,
  • - Աշխատողի եկամուտների և վճարված հարկերի, սոցիալական վճարների և պարտադիր վճարների համապատասխանությունն ապահովելու և վերահսկելու նպատակով։
  •  

2. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։ Հասանելիություն ունի այն չափով, որը անհրաժեշտ է՝

  • - Աշխատանքային օրենսդրության, կոլեկտիվ և անհատական պայմանագրերի, այլ նորմատիվ ակտերի պահպանումը վերահսկելու համար։
  • - Աշխատանքային իրավունքների պաշտպանություն ՝ պարբերական ստուգումների և ռիսկային գործատուների գնահատման միջոցով։
  •  

3. ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։ Հասանելիություն ունի այն չափով, որն անհրաժեշտ է՝

  • - Օտարերկրյա աշխատողներին ներգրավելու գործընթացի օրինականությունը ստուգելու համար,
  • - Աշխատանքի թույլտվության էլեկտրոնային հարթակով ներկայացված դիմումների հիման վրա սկսված վարչական վարույթների պատշաճ ընթացքը ապահովելու նպատակով։ 

 

  Որքանով այս փոփոխությունները կլինեն արդյունավետ և ուղղված իրական նպատակին՝ ցույց կտա ժամանակը: Մինչդեռ մի բան հստակ է՝ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետք է մեկ օր շուտ ձեռք բերի էլեկտրոնային ստորագրություն, իսկ յուրաքանչյուր գործատու՝ զինվի անհրաժեշտ գործիքներով և համակարգերով` փոփոխություններին պատրաստ լինելու համար:

Plus
Share