2025թ․ 3-րդ եռամսյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը հասանելի է
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2025 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 439 միլիարդ 339 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 323 միլիարդ 206 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել 116 միլիարդ 133 միլիոն դրամ:
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 178 միլիարդ 761 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 95 միլիարդ 131 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել 83 միլիարդ 630 միլիոն դրամ։
Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 260 միլիարդ 577 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 228 միլիարդ 74 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել 32 միլիարդ 503 միլիոն դրամ։
Ցանկը գլխավորում է «Մոբայլ սենթր արթ» ընկերությունը 52 մլդ 496 մլն 867 հազար դրամ վճարած հարկով։
Երկրորդ հորիզոնականում «Գրանդ տոբակո» ընկերությունն է, որը նշված ժամանակահատվածում վճարել է 45 մլդ 943 մլն 380 հազար դրամ հարկ։
Երրորդ հորիզոնականում հայտնվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը՝ վճարելով 36 մլդ 171 մլն 155 հազար դրամ հարկ։
1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:


