News

Կառավարությունը 56 մլրդ դրամ ԱԱՀ-ի պարտքը կվերադարձնի հարկ վճարողներին

Կառավարությունը 56 մլրդ դրամ ԱԱՀ-ի պարտքը կվերադարձնի հարկ վճարողներին

Կառավարությունը հավանություն տվեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախաձեռնությանը, որն ուղղված է 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի պարտավորությունները հարկ վճարողներին վերադարձնելուն:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ ԱԱՀ-ի գծով կան դեբետային մնացորդներ կամ «գերավճարներ», որոնք առաջացել են հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկում մատակարարներին վճարված ԱԱՀ-ի կամ մաքսային մարմինների կողմից գանձված ԱԱՀ-ի և պարտավորության բացասական տարբերությունից:

«Հիմա մենք ունենք հին ու նոր դեբետային գումարներ: Նոր դեբետային գումարները ետ են վերադարձվում եռամսյակային կտրվածքով, իսկ հին դեբետային գումարները ուղղվում են միայն առաջիկայում ԱԱՀ-ի գծով պարտավորությունների մարմանը: Այս որոշումով մենք հին և նոր դեբետների միջև տարբերակումը վերացնում ենք:

Մենք առաջարկում ենք եղած գերավճարները ետ վերադարձնել հետևյալ կարգով. մինչև 5 մլն պարտք ունեցողներին ԱԱՀ-ի գումարները վերադարձնում են առանց հարկային մարմին դիմում ներկայացնելու. 5-40 մլն պարտք ունեցողներին վերադարձվում են պարզեցված ընթացակարգով, այսինքն՝ ներկայացվում է դիմում, և առանց ուսումնասիրության վերադարձվում են գումարները, իսկ 40 մլն դրամից ավելի պարտք ունեցողներին պարտքը վերադարձվում է փաստաթղթային ստուգման եւ հիմնավորվածության արդյունքներով»,- ասաց Դավիթ Անանյանը՝ ավելացնելով, որ ԱԱՀ վճարող դեբետ ունեցողների թիվը մոտ 9 հազար է, որից 3 հազարը հին դեբետներ ունեցողներն են: Հին դեբետ ունեցողներին պետությունը պարտք է 56 մլրդ 443 մլն դրամ:

2 հազար 835 հարկ վճարողից մինչև 5 մլն պարտավորություն ունեցողների թիվը 2 190 է, իսկ նրանց հանդեպ եղած պարտքը կազմում է 1 մլրդ 680 հազար դրամ: 5-40 մլն դրամի պարտք ունեցողների թիվը 443 է, նրանց հանդեպ պարտքը կազմում է 6 մլրդ 856 մլն դրամ, իսկ 40 մլն դրամից ավելի պարտք ունեցողների թիվը 202 է, նրանց հանդեպ պարտքը կազմում է 47 մլրդ 906 մլն դրամ:

Ըստ Անանյանի, որոշումն ընդունելուց հետո, մինչև 5 մլն դրամի պարտք ունեցողները մեխանիկորեն ստանում են իրենց պարտքերը: Մինչև տարեվերջ պետությունը կվերադարձնի այդ 56 մլրդ դրամից 50-ը, մնացածի մասով դեռևս քննարկումներ կիրականացվեն:

 

Հղումը՝ armenpress.am

Plus
Share