News

ԿԱՆԽԻԿ ԹԵ ԱՆԿԱՆԽԻԿ

ԿԱՆԽԻԿ ԹԵ ԱՆԿԱՆԽԻԿ

Անկանխիկ գործառնությունների մասին օրենքի դրույթները

 

    2022թ-ի հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որի առավել կարևոր կետերը համառոտ  ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։ Ներքոնշյալ դրույթները կտարածվեն հուլիսի 1-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա: Այս հոդվածում «անկանխիկ վճարում» ասելով հասկանում ենք ցանկացած տիպի վճարում, որը ուղղված է շահառուի բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվին․ դա կարող է լինել թե բանկային հաշվից փոխանցումը, թե վճարային քարտով վճարումը, և թե վճարային այլ համակարգերով կատարված վճարումները (օրինակ՝ TelCell, EZPay, IDram և այլն)։

 

Գնումներ խանութներից

  Եթե ապրանքի մատակարարման կամ ծառայության մատուցման գործարքների մյուս կողմը հանդիսանում է ֆիզիկական անձ, իսկ գործարքի արժեքը գերազանցում է 300,000 ՀՀ դրամը, ապա այդ գործարքների դիմաց վճարումները պետք է կատարվեն բացառապես անկանիկ եղանակով: Նախկինում ֆիզ. անձիք խանութներից առևտուր անելիս կարող էին մինչև 3 մլն. ՀՀ դրամ արժեցող գնումը կատարել կանխիկ վճարումով, սակայն հուլիսի 1-ից այդ սահմանային արժեքը կնվազի, 3 մլն․ ՀՀ դրամից դառնալով ընդամենը 300,000 ՀՀ դրամ։

 

Առևտուր երկու կազմակերպությունների միջև

   Եթե գործարքի երկու կողմերն էլ հանդիսանում են կազմակերպություններ կամ ԱՁ-ներ, ապա գործարքի դիմաց վճարումը կատարվելու է բացառապես անկանխիկ եղանակով՝ անկախ գործարքի արժեքից։ Մինչ այս օրենսդրական փոփոխության ուժի մեջ մտնելը կազմակերպությունները (այդ թվում Անհատ Ձեռնարկատերերը) կարողանում էին մինչև 300,000 ՀՀ դրամը չգերազանցող գործարքների համար վճարումները կատարել կանխիկ եղանակով։

 

Հավելյալ սահմանափակումներ

  Հաշվապահական, աուդիտորական, իրավաբանական, ֆինանսական, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ խորհրդատվական ծառայությունների դիմաց վճարումը պետք է լինի բացառապես անկանխիկ եղանակով: Դա  նշանակում է, օրինակ, որ հաշվապահական կազմակերպությունը ֆիզ․ անձերին նույնիսկ 5,000 ՀՀ դրամի ծառայություն մատուցելիս, պարտավոր է գումարը ստանալ անկանխիկ  եղանակով։

 

Օտարերկրյա կազմակերպություններ

  Եթե գործարքի մի կողմը հանդիսանում է օտարերկրյա կազմակերպություն, իսկ մյուս կողմը՝ ՀՀ-ի ԱՁ-ներ, կազմակերպություններ կամ ֆիզիկական անձինք, ապա այդ դեպքում ևս վճարումները կատարվում են միայն անկանխիկ եղանակով՝ անկախ գումարի չափից:

 

 

Աշխատավարձ

      Երևան քաղաքում գործունեություն իրականացնող տնտեսվարողները պարտավոր են հուլիսի 1-ից աշխատավարձերը վճարել անկանխիկ եղանակով՝ անկախ աշխատակիցների քանակից։ Մինչ տվյալ փոփոխության ուժի մեջ մտնելը, մինչեվ 10 աշխատակցի դեպքում թույլատրվում էր նաև կանխիկ վճարել: 2023-ի հուլիսի 1-ից աշխատավարձերի՝ պարտադիր անկանխիկ վճարելու պահանջը կգործի նաև մարզկենտրոններում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար, իսկ 2024-ի հուլիսի 1-ից՝ մնացած այլ բնակավայրերում ևս կգործի այդ պահանջը:

 

Գործուղում

     Նախորդ կետում նշված նույն ժամանակագրությամբ և վայրերում պարտադիր կլինի նաև անկանխիկ ձևով կատարել գործուղման ծախսերի, ներկայացուցչական ծախսերի դիմաց վճարումները և պետական գնումների հետ կապված վճարումները:

 

Վճարումներ քարտով

   Եթե տնտեսվարողը ունի ՀԴՄ կիրառելու պարտավորություն, ապա գնորդի ցանկությամբ պետք է նաև ապահովի վճարային քարտերով վճարումների կատարման հնարավորությունը: Դա անելու համար պետք է ՀԴՄ սպասարկող կազմակերության օգնությամբ ՀԴՄ-ում ներդնել անկանխիկ ձևով վճարումների ընդունման համապատասխան բոլոր կարգավորումները, որից հետո միևնույն ՀԴՄ-ով թե կտպվեն կանխիկ գործարքի կտրոններ, թե կընդունվեն անկանխիկ վճարումներ: 

Անկանխիկ գործարքներն իրականացնելու համար պետք է նաև, որ հարկատուն ունենա բանկային հաշիվ, որին ՀԴՄ-ն ավտոմատ կինտեգրվի։

 

Գործարքի մասնատում

     Օրենքը շրջանցելու նպատակով մասնատված՝ 2 կամ ավելի մասերի բաժանված գործարքը կհամարվի մեկ գործարք ու կկիրառվեն նույն այս օրենքի դրույթները:

 

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

  •      ♦Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, նոտարների և փաստաբանների միջև գործարքների դեպքում սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելն առաջացնում է պատասխանատվություն գործարքի բոլոր կողմերի համար, իսկ կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և ֆիզիկական անձանց միջև գործարքների դեպքում պատասխանատվություն է առաջանում միայն կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների համար, բացառությամբ աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելու դեպքերի։

 

  •      ♦ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված, գրանցված և (կամ) վերահսկվող անձանց կողմից uույն oրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահuկողություն է իրականացնում և պատասխանատվության միջոցներ է կիրառում Կենտրոնական բանկը՝ օրենքով սահմանված կարգով։

 

 

  •      ♦Սույն oրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների, որոնք պարունակում են աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի  նորմեր, պահպանման նկատմամբ վերահuկողություն է իրականացնում և պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։

 

Պատասխանատվության չափը

 

  •   ♦Գումարի ընդունման կամ վճարման դեպքում վերոնշյալ սահմանափակումները չպահպանելը կառաջացնի տուգանք՝  500,000-ից 2 մլն․ ՀՀ դրամի չափով, իսկ 1 տարում  նույն խախտումը 2-րդ անգամ կատարելու դեպքում՝ 1-ից  4 ՀՀ մլն․ դրամի չափով։

 

  •    ♦Ինչպես նաև, 7-րդ կետով սահմանված անկանխիկ վճարային գործիքներ չունենալու  կամ դրանցով վճարումներ չընդունելու դեպքում կառաջանա տուգանք 300,000 ՀՀ դրամի չափով, իսկ 1 տարում այս նույն խախտումը կրկնելու դեպքում՝ 400,000 ՀՀ դրամ: 

 

    Բանկային համակարգ

 

   Ակնհայտ է որ բանկային համակարգը կլինի տվյալ փոփոխությունների հետևանքով  շահած ամենա հիմնական ինստիտուտը։ Որոշ փորձագետների կարծիքով տվյալ փոփոխությունների հետևանքով բանկային քարտերով իրականացված գնումների ծավալը կարող է կրկնապատկվել, ինչի հետևանքով զգալի կմեծանան բանկերի միջնորդավճարների տոկոսներից առաջացած եկամուտը։ Ակնհայտ է որ բանկերը պարտավոր են վերանայել իրենց վճարային քարտերով իրականացվող գործարքների միջնորդավճարների տոկոսը, և այստեղ կառավարությունը, ի դեմս մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պարտավոր է վերահսկել շուկան, չարաշահումներից խուսափելու նպատակով։

Plus
Share