News

Հարկային արտոնություններ գյուղատնտեսական կոոպերատիվներին

Հարկային արտոնություններ գյուղատնտեսական կոոպերատիվներին

Հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ընդունման դեպքում գյուղատնտեսական կոոպերատիվները ևս կկարողանան օգտվել հարկային արտոնություններից՝ իրենց անդամների գյուղարտադրանքի վաճառքը կազմակերպելիս:

ՀՀ ֆինանսերի փոխնախարար Արման Պողոսյանը հիշեցրեց, որ մինչև  2024 թվականի ավարտը գյուղատնտեսական արտադրանք արտադրողների կողմից գյուղատնտեսական արտադրանքի օտարումն ազատված է շահութահարկով հարկումից: Սակայն, արտոնությունը կիրառելի է միայն այն դեպքերի համար, երբ գյուղատնտեսական արտադրանքի վաճառքն իրականացվում է անմիջականորեն գյուղատնտեսական արտադրանք արտադրողի կողմից, վերավաճառողների համար արտոնություն նախատեսված չէ:

«Եվ բոլոր այն դեպքերում, երբ գյուղատնտեսական արտադրանք արտադրողները միավորվում են գյուղատնտեսական կոոպերատիվի շրջանակներում, և իրենց կողմից արտադրված արտադրանքը վաճառվում է մեկ կետից կառավարվելով՝ տվյալ դեպքում գյուղատնտեսական կոոպերատիվի կառավարիչների կողմից, օրենքի գործող տրամաբանությամբ արտոնությունը չի կիրառվում, քանի որ ստացվում է, որ վաճառողը գյուղատնտեսական արտադրանք արտադրողը չէ»,- ասաց Պողոսյանը:

 

Այս անհավասարությունը վերացնելու և հավասար հարկային միջավայր ունենալու համար նախագծով առաջարկվում է ամրագրել, որ արտոնության կիրառության իմաստով գյուղատնտեսական արտադրանք արտադրող է համարվում նաև գյուղատնտեսական կոոպերատիվը:

 

Նախագծով սահմանվում է նաև, որ գյուղատնտեսական կոոպերատիվներին անհատույց տրամադրվող դրամական միջոցները եկամուտ կճանաչվեն ոչ թե դրանց ստացման հարկային տարում ամբողջությամբ, այլ դրանց ծախսմանը կամ դրանց միջոցով ստեղծված ակտիվների գծով ծախսին համամասնորեն, այսինքն՝ եկամուտ կճնանաչվի այնքան մաս, որքան մաս, որ կճանաչվի որպես ծախս:

 

Հղումը՝  armenpress.am

Plus
Share