2019 Հարկային օրենսգիրք - 5 փոփոխություն (մաս առաջին)
2019 թվականի հունիսի 29-ից ուժի մեջ մտնող` ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018թ.-ի հունիսի 21-ի N338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը (այսուհետ այս համատեքստում՝ Օրենք) հանրությանը ավելի հասանելի դարձնելու և առաջիկա փոփոխություններին պատրաստելու համար Իմպրես ընկերությունը առանձնացրել է կարևոր փոփոխությունները և ձեզ կներկայացնի առաջիկա հոդվածներում։
Ստորև ներկայացված են կարևոր փոփոխությունների առաջին հնգյակը.
1. Օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից սկսած (29.06.2019թ.) ԱԱՀ-ի շեմը դարձել է 115 մլն՝ 58.35 մլն-ի փոխարեն: Ընդ որում, մինչև 28.06.19-ը ներառյալ 2019-ի ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով շրջանառության 58.35 մլն դրամի շեմը գերազանցած հարկ վճարողները 2019-ի ընթացքում շարունակում են մնալ ԱԱՀ վճարողներ: /Օրենքի 16-րդ հոդված/
2. Հարկային Օրենսգրքի 56-րդ գլուխը՝ ընտանեկան ձեռնարկատիրության մասին, 01.01.20թ.-ից սկսած փոխարինվում է Միկրոձեռնարկատիրության համակարգով, որի մասին դրույթները սահմանված են Օրենքի 47-րդ հոդվածով: /Օրենքի 47-րդ հոդված/
3. Օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից սկսած (29.06.2019թ.) ԵՏՄ անդամ-պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ-պետություն արտահանման դեպքում ներմուծվող կամ արտահանվող ապրանքի հարկման բազան և սկզբնական արժեքը որոշվում են ապրանքի՝ ՀՀ պետական սահմանը հատելու ամսաթվի դրությամբ ԿԲ-ի կողմից հրապարակած միջին փոխարժեքով: Նախկինում վերոնշյալ ապրանքների հարկման բազան և սկզբնական արժեքը որոշվում էին ներմուծման հայտարարագրի ներկայացման օրվա դրությամբ ԿԲ-ի կողմից հարապարակված միջին փոխարժեքով: /Օրենքի 6-րդ հոդված/
4. 01.01.2020թ.-ից սկսած, եթե շրջանառության հարկով աշխատող՝ հանրային սննդի ոլորտի հարկ վճարողը տվյալ հարկային տարվա ընթացքում գերազանցի գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 115 մլն դրամի շեմը կամ տեղի ունենա Օրենսգրքի 254 հոդվածի 3-րդ մասի 4-7 կետերից որևէ մեկը, ապա կարող է շարունակել մինչև տվյալ տարվա ավարտը համարվել շրջանառության հարկ վճարող՝ առանց ենթարկվելու ԱԱՀ-ի շեմի սահմանափակմանը, եթե շեմը գերազանցելու կամ 4-7 կետերից որևէ մեկը տեղի ունենալու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ համապատասխան ձևով հայտարարություն ներկայացնի հարկային մարմին՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ: /Օրենքի 40-րդ հոդված/
5.Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների մասով շրջանառության հարկի 8% դրույքաչափը 29.06.19-ից դառնում է 6%: Ընդ որում, նոր դրույքաչափը տարածվում է նաև 01.01.19-ից սկսած հաշվետու ժամանակաշրջանների համար հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների մասով շրջանառության հարկի հաշվարկման նպատակով: Իսկ նույն ոլորտում շրջանառության հարկ հաշվարկելիս նվազեցում կատարելու նպատակով հաշվարկվող ձեռքբերումների հանրագումարի 5 %-ը 29.06.19-ից դառնում է 3%: Ընդ որում, նոր դրույքաչափը տարածվում է նաև 01.01.19-ից սկսած հաշվետու ժամանակաշրջանների համար հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների մասով շրջհարկի հաշվարկման նպատակով: /Օրենքի 44-րդ հոդված/