Շրջանառության հարկի շեմը կրկին 115 մլն դրամ։ Օրենքը կունենա հետադարձ ուժ, սակայն ոչ բոլորի համար
«Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսում է շրջանառության հարկի շեմը վերականգնել 115 մլն դրամ։ Օրենքը կունենա հետադարձ ուժ, այսինքն՝ 2019 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնելու պայմանով, սակայն մի վերապահում կա նախագծում, եթե օրենքը ուժի մեջ մտնելու պահին հարկ վճարողը դեռևս չի հատել 58,35 մլն դրամի շեմը , ապա նրա համար շեմը դառնում է 115 մլն դրամ, իսկ բոլոր նրանք, ովքեր օրենքը ուժի մեջ մտնելու դրությամբ գերազանցել են 58,35 մլն դրամի շեմը, նրանց չենք վերականգնում շրջանառության հարկի վճարողի կարգավիճակում»,- այս մասին 2019թ․ Ապրիլի 01-ին կայացած ԱԺ տնտեսական հարցերի մշտ. հանձնաժողովին կից ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։
«Հիմնավորումը հետևյալն է, որ տվյալ ընկերությունները, հատելով շեմը և դառնալով ԱԱՀ վճարողներ, արդեն իսկ իրենց հաճախորդներին դուրս են գրել հարկային հաշիվներ , որի մեջ առանձնացրել են ԱԱՀ՝ հնարավորություն տալով դիմացի կողմին կատարել ԱԱՀ հաշվանցումներ, հետևաբար, եթե մենք նրանք վերականգնենք շրջանառության հարկի համակարգում , մենք խնդիրներ կստեղծենք դիմացի կողմի համար»,- նշեց Պողոսյանը։
ԱԺ տնտեսական հարցերի մշտ. հանձնաժողովին կից ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի նիստը ամբողջությամբ կարող եք դիտել հղումով։