ԹՈՒՅԼԱՏՎԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՐԱԳ ԵՎ ՀԱՍԱՆԵԼԻ՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ՆԵՐԴՐԵԼ ԷԹՈՒՅԼԱՏՎԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է թույլատվական փաստաթղթերի էլեկտրոնային համակարգ, որի միջոցով արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները կարող են դիմել և ստանալ արտահանման, ներմուծման, ինչպես նաև տարանցման ժամանակ կիրառվող ցանկացած լիցենզիա կամ թույլտվություն բացառապես էլեկտրոնային եղանակով՝ առանց այցելելու որևէ պետական մարմին: Գործընթացը փուլային եղանակով մեկնարկել է հոկտեմբերի 1-ից:
Թույլատվական փաստաթղթերի համակարգը նաև հեշտ կիրառելի է: Դրանից օգտվելու համար նախապես գրանցվելու և օգտանուն ստանալու անհրաժեշտություն չկա, փաստում են Պետական եկամուտների կոմիտեի մասնագետները: Պարզապես, տնտեսվարողն իր գրասենյակից նույնականացման քարտով մուտք է գործում համակարգ և պետական մյուս մարմինների տվյալների շտեմարանում ավտոմատ ճշգրտվում են համապատասխան տվյալները: Մասնավորապես՝ իդենտիֆիկացնում է քարտատիրոջը, ինքնաշխատ եղանակով բեռնում այլ համակարգերում հասանելի տվյալները՝ անուն, ազգանուն, ընկերության ՀՎՀՀ, հասցե և այլն, ու տրամադրվում են համապատասխան լիազորություններ:
Համակարգը միաժամանակ բազմաճյուղ ինտեգրացիա է ապահովում նաև մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի հետ, որից օգտվողները ավտոմատ կստանան նույն լիազորությունները նաև թույլատվական փաստաթղթերի համակարգում, և հակառակը: Կցված և արխիվացված բոլոր փաստաթղթերը ևս հասանելի կլինեն: Հնարավորություն է ընձեռվել նաև փաստաթղթերի համակարգից ձևավորել մաքսային հայտարարագիր, իսկ մաքսային հայտարարագրից՝ թույլատվական փաստաթուղթ: Արդյունքում հայտատուի լրացրած բոլոր տվյալները մեկ համակարգից ավտոմատ կտեղափոխվեն մյուս համակարգ:
Փաստաթղթերի համակարգը հասանելի է «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհանի» trade.gov.am հարթակում: Ամբողջական ներդրման արդյունքում համակարգին միացված կլինեն թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված շուրջ 20 պետական գերատեսչություն և կազմակերպություն:
Համակարգը նախագծվել և իրականացվել է միջազգային լավագույն փորձի հիման վրա. մեկտեղվել են ԵԱՏՄ, ԵՄ տվյալների մոդելները, ինչի շնորհիվ, գործնականում այն կարող է համադրվել ցանկացած այլ համակարգի հետ՝ երկրի ներսում, ԵՄ կամ ԵԱՏՄ երկրներում: Նորաստեղծ համակարգը ՀՀ պետական կառավարման թվայնացման ոլորտում նախադեպը չունի շահառուների լայն շրջանակով և թվայնացվող տվյալների ծավալով:
Հղումը՝ ՊԵԿ կայքում
Մանրամասները՝ տեսանյութում