Շրջանառության հարկ վճարողները 2025թ․ առաջին և երկրորդ եռամսյակների համար կստանան աջակցություն
Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով պայմանավորված՝ 2025 թ. հունվարի 1-ից վերանայվել են առևտրական գործունեության մասով սահմանված շրջանառության հարկի դրույքաչափը (5 տոկոսից դարձել է 10 տոկոս), ինչպես նաև այդ առևտրային գործունեությունից ստացվող եկամտի մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա ծախսերի չափը (4 տոկոսից դարձել է 9.5 տոկոս): Հետևաբար, շրջանառության հարկ վճարողների կողմից 2024 թվականի ընթացքում կատարված ձեռքբերումները՝ 2025 թվականի ընթացքում իրացնելու դեպքում առաջանում է լրացուցիչ հարկային բեռ, քանի որ այդ ձեռքբերումների գծով շրջանառության հարկի գումարից նվազեցումներն արդեն կատարվել են 4 տոկոսի չափով:
Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտների աջակցության ծրագրով՝ շրջանառության հարկի համակարգի վերանայման փուլում տնտեսվարողների համար նախատեսվում է ապահովել համաչափ հարկային բեռ:
Աջակցության ծրագրի շահառուները
Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները, որոնք միաժամանակ բավարարում են հետևյալ պայմաններին.
- - 2024 թվականին իրականացրել են առևտրական գործունեություն:
- - 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ևս հանդիսացել են շրջանառության հարկ վճարողներ:
- - 2025 թվականի առաջին, երկրորդ եռամսյակների համար ամբողջությամբ վճարել են շրջանառության հարկը,
- - նույն ժամանակաշրջանում շրջանառության հարկի գումարը գերազանցում է առևտրական գործունեության իրացման շրջանառության 5 տոկոսը կամ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կատարված ծախսերի մասով առկա է չնվազեցված և փոխանցված գումար։
-
Աջակցությունը տրամադրվում է 2025 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների համար
-
-
Ծրագրի շրջանակում աջակցությունը տրամադրվում է 2025 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների համար:
-
Այն տրամադրվում է առևտրական գործունեության մասով պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի գումարի և նույն ժամանակաշրջանում այդ գործունեության մասով ձևավորվող հարկման բազայի՝
- - 5 տոկոսը կազմող գումարի դրական տարբերության չափով,
- - 1.5 տոկոսը կազմող գումարի դրական տարբերության չափով, եթե առկա է նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար: Ընդ որում, նշված լրացուցիչ աջակցության գումարը չի կարող գերազանցել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կատարված ձեռքբերումների հաշվին ձևավորված՝ հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումարի 1.375-ապատիկը:
-
Օրինակով ներկայացնենք, թե որքան կկազմի աջակցությամբ վերադարձվող գումարը՝
-
Եթե 2025թ․ 1-ին եռամսյակում առևտրական գործունեության
- եկամուտը կկազմի 6․000․000 դրամ ,
- ծախսերը՝ 1․000․000 դրամ,
- շրջանառության հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումարը՝ 100․000 դրամ (մինչև 2025թ․ հունվարի 1),
ապա շրջանառության հարկի գումարը կկազմի՝
6․000․000 * 10% - 1.000.000 * 9.5% - 100.000 = 405.000 դրամ
Տվյալ դեպքում աջակցության գումարը կհաշվարկվի հետևյալ կերպ՝
405․000 – 6․000․000 * 5% = 105.000 , այսիքն՝ վճարված 405․000 դրամ շրջանառության հարկի գումարից կվերադարձվի 105․000 դրամ,
Իսկ գումարից չնվազեցված և փոխանցված ծախսերի մասով՝
405․000 – 6․000․000 * 1.5% ≤ 100.000 * 1.375 = 137.500, դրամ
-
Այսինքն 1-ին եռամսյակում աջակցության գումարը կկազմի՝
105․000 + 137․500 = 242.500 դրամ փոխհատուցում
-
-
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում
-
-
Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները, ծրագրի շրջանակում աջակցություն ստանալու համար, պետք է էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնեն դիմում՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:
-
Դիմումի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ։
-
-
Հարկային մարմին դիմում ներկայացնելու ժամկետները
-
-
Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի 1-ին եռամսյակի համար դիմումը կարող են ներկայացնել մինչև 2025 թվականի մայիսի 10-ը ներառյալ, իսկ 2025 թվականի 2-րդ եռամսյակի համար՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ: Ընդ որում, տնտեսվարողները մինչ դիմումն ուղարկելը պետք է արդեն իսկ ներկայացրած լինեն համապատասխան եռամսյակի համար շրջանառության հարկի հաշվարկները։
Հարկային մարմնի կողմից դիմումը ստանալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում ստուգվում են տվյալ տնտեսվարողին շահառուների ցանկում ընդգրկվելու պայմաններին համապատախանելու հիմքերը, կատարվում է աջակցության գումարի մեծության հաշվարկ, կազմվում է վճարման հանձնարարական և ներկայացվում է գանձապետարան։ Իսկ դիմումը կարող է մերժվել, եթե չի համապատասխանում շահառուների ցանկում ընդգրկվելու պայմաններին, ինչի վերաբերյալ տնտեսվարող սուբյեկտը ծանուցվում է 1 ամսվա ընթացքում՝ էլեկտրոնային փոստի հասցեին հետադարձ ծանուցման միջոցով:
Գանձապետարան վճարման հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, աջակցության գումարը գանձապետարանի կողմից փոխանցվում է շահառուի բանկային հաշվին:


