Новости

ՀՀ-ում 2021 թվականին ակնկալվում է 1% տնտեսական աճ

ՀՀ-ում 2021 թվականին ակնկալվում է 1% տնտեսական աճ

Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատակազմի համոզմամբ, Հայաստանի տնտեսությունը կվերականգնվի 2021-ին, տնտեսական աճը կկազմի մոտ 1%, իսկ 2022-ին՝ 3.5%:

Հայաստանի Հանրապետություն այցելությունից հետո ԱՄՀ աշխատակազմի թիմերը հանդես են եկել հայտարարություններով (հայտարարության մեջ արտահայտված են ԱՄՀ աշխատակազմի տեսակետները և պարտադիր չէ, որ ներկայացնեն ԱՄՀ Գործադիր խորհրդի տեսակետները)։

«Հայաստանի տնտեսության վերականգնման հրատապ գերակայություններն են՝ աջակցել տնտեսության վերականգնմանը, այդ թվում՝ արագացված տեմպերով կազմակերպելով լայնամասշտաբ պատվաստումներ, և ժամանակին կատարելով պլանավորված հանրային ներդրումները, ինչպես նաև՝ պաշտպանելով խոցելի տնային տնտեսություններին: Մոտակա ամիսներին շարունակել արդյունավետ քաղաքականությունը և խորացնել ֆիսկալ և կառուցվածքային բարեփոխումները, ինչը խիստ կարևոր կլինի վստահությունն ամրապնդելու և մնայուն և ներառական վերականգնումը հնարավոր դարձնելու համար»,- ասված է հաղորդագրությունում:  

 

Ըստ արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) աշխատակազմի թիմի ղեկավար՝ Նեյթան Փորթերի հայտարարության, 2020 թվականի ընթացքում Հայաստանի տնտեսությունը ծանրագույն հետևանքներ է կրել՝ պայմանավորված Covid-19-ի համավարակով և մարտական գործողություններով: ՀՆԱ-ն 2020 թվականին կրճատվել է 7.6%-ով՝ պայմանավորված ծառայությունների և առևտրի ոլորտների կրճատմամբ: Վերջին շրջանում պարենի համաշխարհային գների ավելացման և դրամի արժեզրկման ֆոնին՝ տարեկան գնաճն արագացել է՝ 2021-ի մարտին հասնելով 5.8%-ի:

«Վերականգնումը հավանական է, որ կձգձգվի: Չնայած վերականգնման անորոշությանը՝ ակնկալվում է, որ տնտեսական աճը 2021 թվականին կլինի մոտ 1%, իսկ 2022 թվականին հնարավոր վերականգնումը՝ մոտ 3.5%: Ակնկալվում է, որ գնաճն իր առավելագույնին կհասնի 2021 թվականի առաջին կեսին, որից հետո կնվազի՝ տարեվերջին հասնելով մոտ 4%-ի, երբ այլևս չի զգացվի ներմուծվող պարենի գնաճի ժամանակավոր ազդեցությունը և վերջերս արձանագրված՝ արժույթի արժեզրկման հետևանքը: Ակնկալվում է, որ ընթացիկ հաշվի պակասուրդը կընդարձակվի՝ 2021 թվականին հասնելով ՀՆԱ-ի շուրջ 5%-ին, երբ աստիճանաբար կվերականգնվեն ակտիվությունը և ներմուծումը»,- ասված է հայտարարությունում:

 

Ինչ վերաբերում է ապագային, ապա հայտարարությունում նշվում է, որ իշխանությունները պետք է միջնաժամկետ հատվածում պահպանեն ամուր ֆիսկալ շրջանակ, որի հիմքում պետք է դրված լինեն հարկային բազայի ընդլայնման միջոցառումները, ինչպիսիք են, օրինակ, շրջանառության և բնապահպանական հարկերի բարեփոխումները և եկամտահարկի հայտարարագրերի համակարգը, ինչպես նաև ընթացիկ ծախսերի զսպումը և այլն:  Նշվում է նաև, որ հանրային ներդրումների կառավարման համակարգի կատարելագործումն առաջնահերթություն է՝ կարճաժամկետ և միջնաժամկետ աճի համար անհրաժեշտ որակյալ ենթակառուցվածք ապահովելու նպատակով: 

 

«Առաքելությունը բարձր է գնահատում Հայաստանի իշխանությունների հանձնառու վերաբերմունքն ԱՄՀ-ի կողմից աջակցվող ծրագրի նկատմամբ, որը երրորդ հերթական ստուգման դրությամբ ընթանալիս է եղել նախատեսված հունով: Ինչ վերաբերում է այդ ստուգմանը հաջորդած ժամանակաշրջանին, ապա կատարվել են քանակական կատարողականի՝ դեկտեմբերի դրությամբ նախատեսված բոլոր չափորոշիչները, իսկ կառուցվածքային հենանիշների հետ կապված գործողությունների ուղղությամբ առաջընթաց է արձանագրվել»,- նշված է հայտարարության մեջ:

 

Առավել մանրամասն նյութի հետ կարող եք ծանոթանալ այստեղ:

Plus
Share