Հայաստանը բարելավում է դիրքերը
Վաշինգտոնում հիմնված հեղինակավոր The Heritage Foundation-ը Միացյալ Նահանգների հանրային քաղաքականության ազդեցիկ կառույցներից է համարվում։ Ինդեքսը կազմելիս կազմակերպությունն առաջնորդվում է երկրներում բիզնեսի, աշխատուժի, ֆինանսական, ներդրումային, առևտրային ազատությունների աստիճանով, հարկային քաղաքականությամբ, սեփականության իրավունքի ապահովմամբ, դատական համակարգի արդյունավետությամբ։
Հայաստանը The Heritage Foundation-ի տնտեսական ազատության 2021 թվականի համաթվում երկու հորիզոնականով բարելավել է դիրքերը՝ 71,9 միավորով զբաղեցնելով ինդեքսի 32-րդ հորիզոնականը և դասվելով «հիմնականում ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքում։
2021 թվականի զեկույցը հրապարակվում է Covid-19 համավարակի տարածման պայմաններում համաշխարհային տնտեսության համար ծանր ժամանակներում: «Կորոնավիրուսի համավարակին հակազդելուն զուգահեռ՝ տնտեսական ազատությունն առավել կարևոր է լինելու քան երբևէ», - ասվում է զեկույցում։
Հարավային Կովկասում, ըստ ինդեքսի, տնտեսական ազատության ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Վրաստանը՝ 77,2 միավորով զբաղեցնելով 12-րդ հորիզոնականը։ Ադրբեջանը 38-րդ տեղում է։ ԵԱՏՄ-ի կազմում միայն Ղազախստանն է Հայաստանի հետ «հիմնականում ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքին դասվել՝ 71,1 ընդհանուր միավորով այն ինդեքսի 34-րդ հորիզոնականում է։ Միության անդամ մյուս պետություններն էականորեն զիջում են իրենց տնտեսական ազատության ցուցանիշով՝ դասվելով «չափավոր ազատ» երկրների շարքին․ Ռուսաստանը 92-րդ հորիզոնականում է, Բելառուսը` 95-րդ, իսկ Ղրղըզստանը՝ 78-րդ։
«Ազատ» և «հիմնականում ազատ» երկրներում, ըստ զեկույցի, քաղաքացիները համաշխարհային միջինից գրեթե կրկնակի բարձր եկամուտ են ստանում, նաև մոտ 6 անգամ ավելի բարձր եկամուտ «ճնշված» տնտեսությունների համեմատ։ Ազատ տնտեսություն ունեցող երկրների քաղաքացիները նաև որակյալ կրթության, առողջապահական համակարգի, մաքուր շրջակա միջավայրի ավելի մեծ հասանելիություն ունեն։
Ըստ համաթվի, ամենամեծ տնտեսական ազատությունն ունեցող երկրներն են` Սինգապուրը, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Շվեյցարիան և Իռլանդիան։ Վատագույն եռյակում հայտնվել են Կուբան, Վենեսուելան և Հյուսիսային Կորեան։
Առավել մանրամասն նյութի հետ կարող եք ծանոթանալ այստեղ։