Новости

Եկամտահարկի վերադարձի ծրագրում կատարվել են փոփոխություններ

Եկամտահարկի վերադարձի ծրագրում կատարվել են փոփոխություններ

ՀՀ կառավարությունը օգոստոսի 12-ի նիստում հավանություն տվեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու առաջարկին, որը նպատակ ունի փոխել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը և դրան հաղորդել տարածքային համաչափ զարգացման նշանակություն, ինչպես նաև կարգավորմանը տալ ավելի ընդգծված սոցիալական նշանակություն:

 

«Հաշվի առնելով այս արտոնության տնտեսական և սոցիալական ազդեցության զգալի ներուժը՝ սույն փոփոխությամբ առաջարկվում է արտոնությանը տալ այնպիսի ուղղորդում, որը կխրախուսի բնակարանային նոր կառուցապատման ավելի համաչափ տարածքային բաշխվածությունը՝ Երևանից դուրս բնակարանաշինության շահառուների քանակը 7%-ից ավելացնելով: Առաջիկա 3 տարիների ընթացքում այդպիսի ուղղորդումը կազդի Երևանում բնակարանային շինարարության ավելի համաչափ բաշխվածության վրա, իսկ դրանից հետո կառուցապատման հիմնական ծավալները կտեղափոխվեն դեպի Երևանից դուրս գտնվող քաղաքային և գյուղական բնակավայրեր»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

«Այդ նպատակով առաջարկվում է աստիճանաբար սահմանափակել արտոնության գործողությունը Երևանի կենտրոնում և դրան հարող հատվածներում: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ 2022 թ.  հուլիսի 1-ից արտոնությունը կդադարի Երևանի 1-ին գոտու նոր շենքերում բնակարանների ձեռքբերման վարկերի տոկոսների նկատմամբ, 2023 թ. հունվարի 1-ից՝ Երևանի 2-րդ գոտում, 2023 թ. հուլիսի 1-ից՝ Երևանի 3-րդ գոտում, իսկ 2025 թ. հունվարի 1-ից՝ Երևանի մնացած գոտիներում բնակարանների գնման վարկերի նկատմամբ»,- նշեց նախարարը:

 

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ եկամտահարկի վերադարձման ծրագրի մասին կարգավորումը սկզբնապես ընդունվել էր ընդգծված տնտեսական ընդգծված տնտեսական նշանակությամբ՝ առանց սահմանափակումների: Այն նախատեսել է վճարված եկամտային հարկը վերադարձնել ֆիզիկական անձանց՝ հիփոթեքային վարկերի դիմաց վճարված տոկոսները փոխհատուցելու նպատակով: 2018 թվականից արտոնության համակարգը փոփոխվել էր՝ դրան տալով որոշակի սոցիալական ուղղվածություն: Սահմանվել էր, որ մեկ մարդը կարող է ծրագրից օգտվել միայն մեկ անգամ, իսկ արտոնությունից օգտվելու նպատակով գնվող բնակարանի արժեքը սահմանափակվել էր 55 մլն դրամով: Ներկայումս ծրագրի շահառուների քանակը գերազանցում է 17 հազարը, իսկ այս տարեվերջին հատկացված գումարը կկազմի մոտ 21 մլրդ դրամ, իսկ շահառուների թիվը՝ 20 հազար:

«Սակայն փաստ է, որ արտոնության արդյունքում լայն թափ ստացած կառուցապատման հիմնական ծավալը շարունակվում է իրականացվել Երևանում, իսկ առաջին տարիների ընթացքում այն հատկապես իրականացվել է Երևանի կենտրոնում և կենտրոնամերձ հատվածում: Միայն վերջին տարիների ընթացքում է, որ նկատվում է կենտրոնից կառուցապատման հեռացվածության որոշակի ավելացում», - հավելեց նախարարը:

 

Անդրադառնալով առաջարկվող փոփոխությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում կան բազմաթիվ քաղաքային բնակավայրեր, որտեղ անկախության 30 տարում ոչ մի բնակելի շենք չի կառուցվել, և երբ ժամանակին այս ծրագիրը ներդրվել է՝ հասկանալիորեն տնտեսական հետաքրքրությունն այնպիսին է եղել, որ շինարարությունը հիմնականում Երևանում և հատկապես Երևանի կենտրոնական թաղամասերում է իրականացվել:

Այս որոշմամբ, ըստ վարչապետի, կառավարությունը որոշակի կանխատեսելի ժամկետներով սկսում է վերացնել արտոնությունը՝ սկսած Երևանի կենտրոնից, և ուղղորդել դեպի «կառավարության շենքից հնարավորինս հեռու գոտիների վրա», որպեսզի խթանվի շինարարությունը նաև մարզերում:

 

Առավել մանրամասն նյութի հետ կարող եք ծանոթանալ այստեղ։

Plus
Share