Новости

ԵԱՏՄ տարածքում տեղափոխելիս դրոշմավորված ոսկերչական արտադրատեսակները ստուգման չեն ենթարկվի

ԵԱՏՄ տարածքում տեղափոխելիս դրոշմավորված ոսկերչական արտադրատեսակները ստուգման չեն ենթարկվի

Կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ համաձայնագիրը, մասնավորապես, նախատեսում է դրույթ, որ մեկ անդամ պետության տարածքում ոսկերչական և այլ արտադրատեսակները հարգադրոշմով դրոշմավորված լինելու պարագայում, մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվելու դեպքում ենթակա չեն լրացուցիչ փորձարկման, հետազոտման ու դրոշմավորման:

«Սահմանվում է նաև ոսկերչական և այլ արտադրատեսակների պատրաստման համար ոչ պիտանի թանկարժեք քարերի դասակարգման չափորոշիչներն ու կանոնները: Հանքային հումքի կառավարումը թափանցիկ դարձնելու նպատակով համաձայնագիրը նախատեսում է նաև նախքան զտումը թանկարժեք մետաղներ պարունակող հանքային հումքի հետ գործողությունների իրականացման կարգ, որով սահմանվում է հանքային հումքի սեփականատիրոջ կողմից յուրաքանչյուր խմբաքանակի համար տվյալների գրանցման, հանքային հումքի նկատմամբ սեփականության իրավունքի անցման, ինչպես նաև այն որպես գրավ օգտագործելու հետ կապված իրավահարաբերությունները»,-  ասաց նախարարը:

Համաձայնագիրը բարենպաստ պայմաններ է ստեղծում գործարար միջավայրի բարելավման համար, պարզեցնում է ոսկերչական և այլ արտադրատեսակների տեղաշարժը ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում: Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի հայ ոսկեգործներին իրացնելու սեփական արտադրանքը ԵԱՏՄ շուկայում առանց լրացուցիչ ծախսերի:

 

Հղումը՝  armenpress.am

Plus
Share