Новости

Ավելացված արժեքի հարկի մասին

Ավելացված արժեքի հարկի մասին

Ավելացված արժեքի հարկը

Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ-ն) ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների և (կամ) գործառնությունների իրականացման համար օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է:

 

Ապրանքների մատակարարումից կամ աշխատանքների կատարումից կամ ծառայությունների մատուցումից հաշվարկված և դրանց ձեռք բերման դիմաց հարկային հաշիվներում առանձնացված (ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային մարմիններին վճարած) ԱԱՀ-ի գումարների դրական տարբերությունը փոխանցվում է պետական բյուջե սահմանված ժամկետում։

 

Գործարքներ, որոնք հարկվում են ավելացված արժեքի հարկով

ԱԱՀ-ով  հարկման օբյեկտ է համարվում՝ 

  •   · ապրանքի մատակարարումը, եթե ապրանքի մատակարարման վայրը, Օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը,
  •   · աշխատանքների կատարումը,
  •   · ծառայությունների մատուցումը,
  •   · ապրանքների ներմուծումը:

 

ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չի համարվում`

  •  · ապրանքի մատակարարումը, եթե ապրանքի մատակարարման վայրը, օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը,
  •   · բեռների, փոստի և (կամ) ուղևորների՝ ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցով փոխադրման տրանսպորտային ծառայության մատուցման գործարքը, եթե այն սկսվում և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:
  •  

Ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի գծով պարտավորություն առաջանում է «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծման մասով: 

 

Ավելացված արժեքի հարկ վճարողները

Ցանկացած կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր և նոտար (բացառությամբ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս պետական մարմինների, ՀՀ համայնքների՝ ի դեմս համայնքային կառավարչական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, ովքեր ԱԱՀ վճարող են համարվում կամավորության սկզբունքով հայտարարություն ներկայացնելու դեպքում), որի կողմից նախորդ օրացուցային տարում իրականացրած գործարքների հարկվող շրջանառությունը գերազանցում է 115 միլիոն դրամը (ԱԱՀ-ի շեմը) համարվում է ԱԱՀ վճարող:

 

Անձը ընթացիկ տարում համարվում է ԱԱՀ վճարող, եթե ընթացիկ տարում որևէ պահի դրությամբ իրականացրած գործարքների հարկվող շրջանառությունը գերազանցում է ԱԱՀ-ի շեմը: Այս դեպքում ԱԱՀ հաշվարկվում է և վճարվում է ԱԱՀ-ի շեմը գերազանցող մասով:

 

Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք չեն համարվում ԱԱՀ վճարողներ, սակայն եթե նրանք Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծում ապրանքներ (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններից), որոնց ներմուծումը, համարվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, ապա պարտավոր են Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում հաշվարկել և պետական բյուջե վճարել այդ գործառնություններից առաջացող ԱԱՀ-ի գումարները:

 

Ավելացված հարկով հարկման բազան և ավելացված արժեքի հարկի դրույքաչափերը

Ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում դրանց արժեքը՝ դրամական արտահայտությամբ՝ առանց ԱԱՀ-ի:

 

Ապրանքների ներմուծման դեպքում հարկման բազա է համարվում դրանց մաքսային արժեքը (մաքսատուրք սահմանված լինելու դեպքում, հարկման բազայի մեջ ներառում է նաև մաքսատուրքը)` ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծման դեպքում, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծման դեպքում` ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքը: 

 

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծման դեպքում՝ ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքի և ակցիզային հարկի հանրագումարը:

 

Օրենքով սահմանված է ԱԱՀ-ի երկու դրույքաչափ` 

  •   · 20% (եթե հարկի գումարը ներառված է ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գնի մեջ, ապա ԱԱՀ-ն հաշվարկվում է ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ամբողջ արժեքի նկատմամբ 16.67% հաշվարկային դրույքաչափով),
  •   · 0%, այսինքն` զրոյական դրույքաչափ (այս դրույքաչափը սովորաբար կիրառվում է ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների արտահանման դեպքում, ինչպես նաև այն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների համար, որոնք ձեռք են բերվում Հայաստանում դիվանագիտական և նրանց հավասարեցված կազմակերպությունների կողմից):

 

Ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգը

ԱԱՀ-ն հաշվարկվում է ապրանքների վաճառքի, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքից, որից հաշվանցվում է այդ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գնի մեջ եղած, ինչպես նաև ներմուծման համար վճարված ԱԱՀ-ի գումարները:

 

ԱԱՀ վճարողները հաշվետու ժամանակաշրջանի համար պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում (դա ամիսն է) իրականացված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքների (ապրանքների մատակարարման, կա՛մ աշխատանքների կատարման, կա՛մ ծառայությունների մատուցման) հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և ՀՀ տարածքում հաշվետու ժամանակաշրջանում (դա ամիսն է) ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում  (մաքսային կամ հարկային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարների (եթե Օրենսգրքի 72-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ) դրական տարբերությունը:

 

Որոշ դեպքերում արդյունքը կարող է լինել բացասական, առաջանում է փոխհատուցման ենթակա գումար, որը մարվում է հաջորդ հաշվետու ժամանակաշրջաններում ապրանքների մատակարարման, կա՛մ աշխատանքների կատարման, կա՛մ ծառայությունների մատուցման գործարքներից հաշվարկված ԱԱՀ-ի հաշվին:

 

Ավելացված արժեքի հարկից ազատումը

ԱԱՀ-ից ազատվում են այն ապրանքները, աշխատանքներն ու ծառայությունները, որոնց ցանկը նշված է օրենսգրքի 64-րդ հոդվածում: ԱԱՀ-ից ազատում նշանակում է, որ այդ ապրանքների վաճառքի, կա՛մ աշխատանքների կատարման, կա՛մ ծառայությունների մատուցման գործարքների համար ԱԱՀ չի հաշվարկվում և չի գանձվում, սակայն այդ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գնի մեջ եղած ԱԱՀ-ի գումարները չեն կարող հաշվանցվել։

 

ԱԱՀ-ի հարկային հաշիվներին վերաբերող կանոնները           

ԱԱՀ վճարողները պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվներ ապրանքների մատակարարման, կա՛մ աշխատանքների, կա՛մ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի համար, որոնք ենթակա են ԱԱՀ-ով հարկման: Հարկային հաշիվ կարող են դուրս գրել միայն ԱԱՀ վճարողները:

Հարկային հաշիվները կարող են լրացվել միայն էլեկտրոնային եղանակով:

 

Հարկային հաշիվները պետք է ներառեն հետևյալ հիմնական տվյալները. 

  •    · հարկային հաշվի սերիան և համարը,
  •    · մատակարարի անվանումը, իրավաբանական հասցեն և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), ֆիզիկական անձի անունը, ազգանունը (բնակության վայրը),
  •    · ԱԱՀ վճարողի հաշվառման համարը,
  •    · գնորդի անվանումը և իրավաբանական հասցեն, ֆիզիկական անձի անունը, ազգանունը (բնակության վայրը),
  •    · ապրանքների անվանումը և քանակը կամ ծառայությունների տեսակը, ծավալը,
  •    · ապրանքների կամ ծառայությունների արժեքը,
  •    · հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (առանձին տողով):

 

Ներկայացվող պահանջներ, երբ առաջանում է ԱԱՀ-ի փոխհատուցման ենթակա գումար

Երբ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով առաջանում է ԱԱՀ-ի փոխհատուցման ենթակա գումար, սովորաբար այդ գումարը փոխանցվում է հաջորդ հաշվետու ժամանակաշրջան և ներառվում է ընդհանուր ձեռքբերումների ԱԱՀ-ի գումարների մեջ:

 

Եթե յուրաքանչյուր հաշվետու ամսվա ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման օրվան հաջորդող օրվա դրությամբ հարկ վճարողն ունի ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին։

 

ԱԱՀ-ի 0% դրույքաչափով հարկման ենթակա գործարքների ու գործառնությունների իրականացման դեպքում ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում են միասնական հաշվին, եթե հարկ վճարողն ունի ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար: Այս դեպքում հարկ վճարողի միասնական հաշվին մուտքագրվում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի այն մասը, որը չի գերազանցում հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի 0% դրույքաչափով հարկվող գործարքների հարկման բազայի 20%-ը, իսկ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի այդ չափը գերազանցող մասը շարունակվում է հաշվառվել որպես փոխհատուցվող գումար և հետագայում ԱԱՀ-ի գումարի գծով հարկային պարտավորությունների մարմանն ուղղվում է կամ միասնական հաշվին մուտքագրվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

 

Ավելացված արժեքի հարկի հաշվարկների ներկայացումը և վճարումը պետական բյուջե

ԱԱՀ վճարողները հաշվետու ժամանակաշրջանում իրականցված ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և ծառայության մատուցման գործարքներից հաշվարկված՝ պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները պետական բյուջե են վճարում մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:

 

«Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ ներմուծվող ապրանքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարները ՀՀ պետական բյուջե են վճարվում մինչև «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների բաց թողնումը (եթե ԵՏՄ միասնական օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ)՝ որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ:

ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարները ՀՀ պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:

 

ԱԱՀ վճարողները մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը հարկային մարմին են ներկայացնում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ:

Plus
Share