Новости

Ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունները կհարկվեն ԱԱՀ-ով

Ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունները կհարկվեն ԱԱՀ-ով

Հայաստանում էլեկտրոնային ծառայությունների հարկման մեխանիզմի ներդրման ուղղությամբ ՊԵԿ-ը գործուն քայլեր է իրականացնում: Կոմիտեի նախաձեռնությամբ մշակված  «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունները հարկել ԱԱՀ-ով, արժանացել է Կառավարության հավանությանը և  Ազգային ժողովում ընդունվել առաջին ընթերցմամբ:

Նախագծի համաձայն՝ էլեկտրոնային ծառայություններ են համարվում տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցի միջոցով մատուցվող ծառայությունները, այդ թվում՝ համացանցով: Այդպիսի ծառայություններ են համարվում, օրինակ, տեղեկատվական հեռահաղորդակցման կապով, այդ թվում՝ ինտերնետով գովազդային ծառայությունների մատուցումը և հարթակների տրամադրումը, համացանցով կրթության ոլորտի, էլեկտրոնային գրքերից օգտվելու, ֆիլմեր դիտելու համար նախատեսված վճարովի ծառայությունները: Ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայություններից առաջացող ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորությունը կկրի բացառապես ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը: Ֆիզիկական անձանց, այն է քաղաքացիներին՝ հարկման առաջարկվող մեխանիզմը չի վերաբերելու։

 

Օրինակ,  ենթադրենք, որ ֆիզիկական անձը գովազդ  է պատվիրել «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում: Գործող օրենսդրությամբ «Ֆեյսբուքի» կողմից ֆիզիկական անձանց էլեկտրոնային եղանակով մատուցվող գովազդային ծառայություններն ԱԱՀ-ով չեն հարկվում։ Իսկ նախագիծն օրենքի ուժ ստանալուց  հետո, քաղաքացու վճարած գումարներից ոչ ռեզիդենտը, այս դեպքում՝ «Ֆեյսբուքն» է ՀՀ օրենսդրության համաձայն հաշվարկելու և ԱԱՀ վճարելու ՀՀ պետական բյուջե:

Էլեկտրոնային եղանակով ոչ ռեզիդենտ կազմակերպությունները կհաշվառվեն հարկային մարմնում, և կգործեն պարզեցված ընթացակարգեր՝ ԱԱՀ հաշվարկելու և ՀՀ պետական բյուջե վճարելու համար: ՀՀ-ում ֆիզիկական անձանց մատուցվող Էլեկտրոնային ծառայությունների ցանկը սահմանելու է Կառավարությունը: 

 

Հարկման առաջարկվող մեխանիզմով ֆիզիկական անձը որևէ լրացուցիչ գործողություններ չի կատարելու։

 

Մանրամասները` տեսանյութում:

Հղումը՝  ՊԵԿ կայք

Plus
Share