Նորություններ

Հաշվապահության կրկնակի գրացման եղանակը

Հաշվապահության կրկնակի գրացման եղանակը

Յուրաքանչյուր տնտեսական գործառնություն ունի երկակի, փոխկապակցված բնույթ։ Դրանից ելնելով տնտեսական գործառնությունների գրանցումների նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար հաշվապահական հաշիվներում կիրառվում է կրկնակի գրանցման մեթոդը։

Կրկնակի գրանցումը յուրաքանչյուր տնտեսական գործառնության գումարի արտացոլումն է երկու տարբեր հաշվապահական հաշիվներում, միաժամանակ մի հաշվի դեբետում և դրա հետ փոխկապակցված մյուս հաշվի կրեդիտում։ Տնտեսական գործառնության հետևանքով հաշիվների թղթակցության և գումարի գրանցումը կոչվում է հաշվապահական ձևակերպում։

Հաշվապական ձևակերպումները լինում են պարզ և բարդ։ Պարզ է կոչվում այն ձևակերպումը, որի դեպքում մի հաշվի դեբետը թղթակցում է մեկ ուրիշ հաշվի կրեդիտի հետ։ Բարդ թղթակցություն կազմելու դեպքում մի հաշվի դեբետը թղթակցում է մի քանի հաշիվների կրեդիտի հետ, կամ հակառակը։ Հաշիվների միջև առաջացած այդպիսի կապը կոչվում է հաշիվների թղթակցություն, իսկ հաշիվները՝ թղթակցող հաշիվներ։

Յուրաքանչյուր տնտեսական գործառնության հաշվապական ձևակերպումը կազմելու համար պետք է կատարվեն հետևյալ քայլերը․

1․ որոշել գործառնության հետևանքով փոփոխությունների ենթարկվող հաշիվները,

2․ պարզաբանել այդ հաշիվների բնույթը՝ ակտիվային են, թե՞ պասիվային,

3․ որոշել, թե գործառնության հետևանքով ինչպիսի՞ փոփոխություն է տեղի ունենում որոշվախ հաշիվների կազմում,

4․ ելնելով ակտիվային և պասիվային հաշիվներում գրանցումներ կատարելու կարգից՝ որոշվում է, թե որ հաշիվը պետք է դեբետագրվի, իսկ որը՝ կրեդիտագրվի։

 

Հաշվապահական հաշիվներում կրկնակի գրանցման եղանակով գրանցումների կատարումը ունի 2 նշանակություն․

  •    · ստուգողական,
  •    · ճանաչողական։

Այն փաստը, որ միևնույն գումարը գրանցվում է մի հաշվի դեբետում և մյուս հաշվի կրեդիտում, հանգեցնում է նրան, որ հաշվետու ժամանակաշրջանում բոլոր հաշիվների դեբետային և կրեդիտային շրջանառությունների հանրագումարները, որոնք արտացոլվում են շրջանառության տեղեկագրի մեջ, պետք է լինեն իրար հավասար։ Դրանում էլ կայանում է կրկնակի գրանցման ստուգողական նշանակությունը։ Եթե խախտվում է այդ հավասարությունը, ապա ահազանգում է կատարված սխալի մասին։

Ճանաչողական նշանակությունն այն է, որ ցանկացած հաշվապահական բանաձևի միջոցով կարելի է իմանալ տեղի ունեցած գործառնության բովանդակության մասին։ 

 

Կրկնակի գրանցման եղանակը հաշվապահական հաշվառման մեջ օգտագործվում է 500 տարուց ավելի և հանդիսանում է հաշվապահական հաշվառման մեթոդի կարևորագույն տարրերից մեկը։

Plus
Share