Новости

ՊԵԿի պարգևատրումների ֆոնդը նախորդ տարվա 6 մլրդի փոխարեն իջել էլ

ՊԵԿի պարգևատրումների ֆոնդը նախորդ տարվա 6 մլրդի փոխարեն իջել էլ

Կառավարության  ապրիլի 4-ի նիստում որոշում կայացվեց 2 միլիարդ 330 հազար դրամ հատկացնել ՀՀ պետական եկամուտների կոմիտեին։

«Չնայած դա ընդունված է սկանդալ համարել, բայց ես դա համարում եմ շատ կարեւոր քննարկում, որովհետեւ դա վերաբերում է պետական ծառայության մասին մեր հիմնարար պատկերացումներին»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը տեղեկացրեց, որ որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ ՊԵԿ-ի 2019 թվականի պարգեւատրման ֆոնդը նախատեսվել է 833 մլն դրամ, ինչը բավարար չէ: Նախագծով նախատեսվում է այդ թիվն ավելացնել 1,5 մլրդ դրամով: «Դրա հանրագումարը՝ 2,33 մլրդ դրամն առաջարկում ենք ուղղել հարկային եւ մաքսային աշխատողների աշխատողների պարգեւատրում հոդվածին»:

Վարչապետը օրինակ բերեց. «Մաքսային ծառայողը, որն օրական միլիոնավոր դրամների ապրանքի հետ առնչություն է ունենում, ստանում է160 հազար դրամ աշխատավարձ: Եթե մենք այս իրավիճակը թողնում ենք այսպես, իրական ուղերձն այն է, որ գնա, քո գլխի ճարը տես»,- ասաց վարչապետը, իսկ  ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հակադարձեց, որ որեւէ գումարի չափ չի կարող լուծել այս խնդիրը:

«Բոլոր պետական մարմիններն էլ կարեւոր աշխատանք են կատարում, եթե ՊԵԿ-ի արտաբյուջեն պահպանում ենք, նշանակում է ասում ենք՝ բոլորից կարեւոր գործը կատարում է ՊԵԿ-ը: Մենք չենք կարծում, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում այս լրացուցիչ վճարը տալու է այն արդյունքը, ինչն ակնկալվում է»,- նշեց Ատոմ Ջանջուղազյանը՝ նկատելով, որ օրինակ մաքսավորն այնպիսի մեծ գումարների հետ գործ ունի, որ որեւէ պարգեւավճար չի կարող համեմատվել դրա հետ: 

Ջանջուղազյանը նկատեց, որ նախագիծն ընդունվելու դեպքում «հավասարների մեջ կունենանք ամենահավասարը», եւ ՊԵԿ-ի աշխատանքը կառանձնացվի մյուսների մեջ, սակայն բոլոր պետական մարմիններն էլ կարեւոր աշխատանք են իրականացնում:

Արձագանքելով` վարչապետն ասաց. «Պարոն Ջանջուղազյանը հարյուր տոկոսով ճիշտ է, բայց կա մի ճշմարտություն՝ ձիերի երամակը կանգնեցնելու համար անխուսափելիորեն ինչ-որ տարածք պետք է նրա հետ վազես, հակառակ դեպքում` չես կանգնեցնի»:

Փաշինյանը նշեց, որ նախորդ տարի ՊԵԿ-ի պարգեւատրումների հիմնադրամը եղել է 6 մլրդ դրամ, ըստ օդում կախված լուրերի՝ եղել է նաեւ ծրարով վճարումների պրակտիկա, եւ այժմ այդ ամբողջ համակարգը հիմքից կտրելու դեպքում պետք է մտածել, թե ինչ է լինելու:

«Եթե փորձենք բոլոր անհամաչափությունները մի քայլով հավասարացնենք իրար, մենք կունենանք պետական կառավարման համակարգի կոլապս: Դրա համար մենք փուլային տարբերակով ենք գնում, ինչ-որ տեղ գրոհում ենք, հետո նահանջում ենք, հետո էլի ենք գրոհում ու նահանջում, հետո ասում ենք արդյունքի հետ կապված»:

Ի վերջո, հարցը դրվեց քվեարկություն եւ Ատոմ Ջանջուղազյանն ու Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը դեմ քվեարկեցին:

Հղումը՝ news.am

Plus
Share