Новости

ՊԵԿ նախագահը՝ պարգևավճարների մասին

ՊԵԿ նախագահը՝ պարգևավճարների մասին

«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման հյուրը՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատասխանել է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին։

«Ազատություն». - Պարոն Անանյան, տարեվերջին մամուլում կարծես գրոհ եղավ և պատճառը պարգևավճարն էր: Կոնկրետ կասե՞ք խնդրում եմ, Ձեր աշխատավարձը որքա՞ն է և որքա՞ն պարգևավճար եք ստացել։

Դավիթ Անանյան. - Աշխատավարձիս չափը, եթե չեմ սխալվում, 795 հազար է՝ առանց հարկերը պահելու, և պարգևատրման գումարը առանց հարկերը պահելու, եթե չեմ սխալվում՝ մոտ 2 միլիոնի կարգի։

«Ազատություն». - Օգտատերերն ասում են՝ բժիշկն ի՞նչ պակաս աշխատանք է կատարում, մանկավարժը: Իսկ ինչո՞ւ են իրենք ավելի ցածր են վարձատրվում․ ի նկատի ունեն պոլիկլինիկայի աշխատողներին։ Էս համեմատությունը Ձեզ տարօրինակ չի՞ թվում, որ ինչո՞ւ պետք է էնտեղ աշխատավարձը բավականին ցածր լինի, իսկ Ձեր դեպքում՝ այդքան բարձր։

Անանյան. - Ես կարծում եմ, որ ընդհանրապես պետական ծառայությունում կամ հանրային ծառայությունում մենք պետք է խնդիր բարձրացնենք և արժանավայել, արժանապատիվ վաստակի հարցը կարգավորենք։ Ես կարծում եմ, որ բոլորի աշխատավարձը պետք է բարձր լինի, և եթե մենք նախորդ տարիներին մեր արտաբյուջետային միջոցներից հնարավորություն ենք ունեցել այդ եկամուտները արժանապատիվ մակարդակի հասցնել, ապա մենք, կարծում եմ, որ ճիշտ ուղղության վրա ենք եղել։ Համաձայն եմ, որ ոչ պակաս կարևոր մասնագիտություններ կան: Ուղղակի մի փոքր կա տարբերություն՝ պետական բյուջեն մեր գրպանն է, որտեղից վարձատրվում են բոլոր պետական ծառայողները։ Պետական եկամուտների պարագայում հարկ վճարողը կամ հարկ հավաքագրողը անմիջականորեն եկամուտ հավաքագրողն է և անմիջականորեն գտնվում է հարկատուի հետ շփման մեջ: Եվ այս դեպքում է, որ մենք ունենք վերահսկողության ավելի մեծ ռիսկ։

«Ազատություն». - Մի՞շտ է այսպես բարձր եղել պարգևավճարների չափը․․․ Մի պահ չմտածեցի՞ք, որ մեկ տարի չենք աշխատել, գուցե իսկապես արժե այս տարի պարգևավճարների չափը նվազեցնել։

Անանյան. - Ես ընդհանրապես այդ թեմայի վրա շատ չէի զետեղվի, որովհետև ես ավելի շատ կզետեղվեի, թե 2018 թվականի ընթացքում մենք ինչպիսի ժամանակահատված ենք ապրել ու էդ ժամանակահատվածը առանց վայրիվերումների ենք ապրել։ Եթե պարգևատրում, ապա նախորդ տարիների համեմատ բարձր պետք է լիներ 2018 թվականի պարգևատրումները։ Եթե համեմատենք, կարծես թե նախորդ տարիների համեմատ չափերը էականորեն չեն տարբերվում, ուղղակի 18 թվականի պետական բյուջեով նախորդ տարիների համեմատ շատ ավելի միջոցներ են նախատեսված եղել պարգևատրումների համար։

ՊԵԿ նախագահը նաև անդրադարձավ միկրոձեռնարկությունների մասին օրենքին, նշելով, որ օրենքը ամենայն հավանականությամբ ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1֊ից։ (Հիշեցնենք, որ ըստ այդ օրինագծի նախատեսվում է հարկերից ազատել տարեկան մինչև 24մլն շրջանառություն ունեցող ձեռնարկություններին)։

Հարցին, թե հիմա ինչ հայտնի ընկերություններում են ստուգումներ անցկացվում ՊԵԿ նախագահը նշեց ԳազպրոմԱրմենիան, ինչպես նաև անդրադարձավ նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի բիզնեսներին՝ ասելով, որ շոկոլադե սալիկների ներմուծմամբ զբաղվող ընկերությունում, որը պատկանում է նախկին ՊԵԿ նախագահին ստուգումներ են անցկացվել և հավելյալ հարկային պարտավորություն է հայտնաբերվել ավելի քան 200 մլն դրամի։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ՝այստեղ։

Plus
Share