Новости

Հայրենադարձ ընտանիքները կազատվեն անձնական գույքի մաքսազերծման վճարից

Հայրենադարձ ընտանիքները կազատվեն անձնական գույքի մաքսազերծման վճարից

Մշտական բնակության նպատակով Լիբանանից Հայաստան տեղափոխված Իշխան Ավո Ոսկերիչեանի ընտանիքն իր անձնական գույքն առանց մաքսատուրքի կկարողանա մաքսային պահեստից ստանալ, սակայն մինչ այդ օրենսդրական փոփոխություն տեղի կունենա: Այս մասին  ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Հետք»-ն օրերս հրապարակել էր, որ հայրենադարձ Իշխան Ավո Ոսկերիչեանի ընտանիքի անձնական գույքը մաքսազերծելու համար ՊԵԿ-ը պահանջում է 16 հազար դոլար: Ոսկերիչեանի անձնական գույքը ենթակա է եղել մաքսազերծման, քանի որ նա մշտական բնակության վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված ժամկետները խախտել էր՝ 1 տարվա մեջ 6 ամսից քիչ էր բնակվել արտերկրում: ՊԵԿ-ն էլ պարզաբանել էր, որ օրենսդրության սահմաններում քաղաքացուն գոհացնող լուծում գտնել հնարավոր չի եղել:

Պատգամավորը վստահեցնում է, որ հայրենադարձ ընտանիքը հնարավորինս սեղմ ժամկետում առանց որևէ վճարի մաքսատնից կստանա իր անձնական օգտագործման գույքը (որի համար պահանջվում էր վճարել մոտ 8 միլիոն դրամ): «ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանի ու վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ ակտիվ աշխատանքի արդյունքում համապատասխան նախագիծն արդեն իսկ պատրաստ է, հնարավորինս շուտ կլինի նաև ԱԺ օրակարգում: Զրուցել եմ նաև հայրենադարձ ընտանիքի հետ, լուրը ուրախացրեց, պատրաստ են մի փոքր էլ սպասել: Նրանք կարող են վճարել նաև սահմանված գումարը, ստանան գույքը ավելի վաղ, իսկ օրենքի փոփոխության հետադարձ ուժի կիրառելիության շնորհիվ հետ ստանան նաև գումարը (սոցիալական վիճակը հաշվի առնելով սա քիչ հավանական է): Տվյալ խնդրին բախվել են բազմաթիվ այլ հայրենադարձներ, գուցե չեն հրապարակայնացրել, կխնդրեմ տեղեկացնեք բոլորին: Հայրենադարձ յուրաքանչյուր քաղաքացի թանկ է մեզ համար»,- գրել է Սիսակ Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ գործող օրենսդրության համաձայն՝ հայրենադարձը կարող է ազատվել անձնական գույքի մաքսազերծման վճարից, եթե վերջին 1 տարվա մեջ առնվազն 6 ամիս բնակված կլինի այլ երկրում:

 

Հղումը՝ Հետք

Plus
Share