Նորություններ

Ամփոփվել են 2018 ութ ամիսներին ԱԱՀ վճարողներին վերադարձված գումարները

Ամփոփվել են 2018 ութ ամիսներին ԱԱՀ վճարողներին վերադարձված գումարները

«Հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2018թ. ութ ամիսների ընթացքում ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած փոխհատուցվող շուրջ 53 միլիարդ դրամ ընդհանուր գումարի գծով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվել է (ավարտվել) է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության 560 ուսումնասիրություն: Դիմումներով պահանջված գումարից ուսումնասիրություններով հիմնավորվել է շուրջ 50 միլիարդ դրամը, հիմնավորված չի համարվել 3.083 միլիոն դրամի չափով գումար»,-նշել է ՊԵԿ Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը:

 

Հաշվետու ժամանակահատվածում մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների՝ միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգով ներկայացված «առանց ուսումնասիրության» նշագրմամբ 201 հայտերից բավարարվել է 131-ը, որոնցով պահանջված ընդհանուր գումարը կազմել է  623 միլիոն  դրամ, իսկ 70 հայտեր չեն բավարարել որոշմամբ սահմանված չափանիշներին և նրանց մասով ընդհանուր սահմանված կարգով իրականացվել են ուսումնասիրություններ: Տվյալ դեպքում միասնական հաշվին գումարի մուտքագրումը (վերադարձը) կատարվում է հաշված օրերի ընթացքում: Արման Միրզոյանի խոսքով՝ այժմ քննարկումեր են ընթանում վերոնշյալ պարզեցված ընթացակարգով սահմանված չափանիշների մեղմացման ուղղությամբ, ինչի արդյունքում ընթացակարգը կկիրառվի առավել մեծ թվով հարկ վճարողների հանդեպ:

 

Այսպիսով, 2018 թվականի ութ ամիսների ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից փոխհատուցվող գումարների մասով միասնական հաշվին է մուտքագրվել (վերադարձվել) 56.5 միլիարդ դրամ, որի մեջ ընդգրկված են նաև 31.12.2017թ. դրությամբ ուսումնասիրված, սակայն չհաշվանցված և (կամ) չվերադարձված ավելացված արժեքի հարկի գումարները: 2017 թվականի համադրելի ժամանակահատվածում հարկ վճարողներին վերադարձվել է ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած 37 միլիարդ դրամ գումար կամ 2018 թվականի ութ ամիսներին 2017-ի համեմատ վերադարձվել է 52%-ով ավելի գումար:

2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքի 74-րդ հոդվածի համաձայն, եթե յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ վճարողն ունի ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումար, ապա վերջինիս գրավոր դիմումի հիման վրա, ստուգմամբ կամ ուսումնասիրությամբ հիմնավորվելու դեպքում՝  այդ գումարը մուտքագրվում է միասնական հաշվին: Արտահանման գործարքներ չիրականացնող ԱԱՀ վճարողները նախկինում գործող իրավակարգավորումներով ԱԱՀ-ի փոխհատուցվող (դեբետագրված) գումարներն այլ հարկային պարտավորությունների մարմանն ուղղելու կամ հետ ստանալու իրավական հնարավորություն չունեին: Սկսած 2017թ. 2-րդ կիսամյակից  ԱԱՀ  վճարողներին ընձեռվեց այդ հնարավորությունը, ինչը թույլ է տալիս տնտեսվարողներին իրենց շրջանառու միջոցներն ավելի արդյունավետ կերպով տնօրինել և օգտագործել:

 

Այսպես, հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2018թ. ութ ամիսների ընթացքում հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող 9.9 միլիարդ դրամ ընդհանուր գումարի գծով իրականացվել  (ավարտվել) է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության 126 ուսումնասիրություն: Դիմումներով պահանջված գումարից ուսումնասիրություններով հիմնավորվել է 9.5 միլիարդ  դրամը, հիմնավորված չի համարվել 368 միլիոն դրամի չափով գումար:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ ՊԵԿ կայքում։

 

Plus
Share