News

Տնտեսական գործունեության որոշ տեսակներ ամբողջությամբ թույլատրված կլինեն ապրիլի 13-ից

Տնտեսական գործունեության որոշ տեսակներ ամբողջությամբ թույլատրված կլինեն ապրիլի 13-ից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց տնտեսական գործունեության այն տեսակների ցանկը, որոնք ամբողջությամբ թույլատրված կլինեն ապրիլի 13-ից։

«Ամբողջությամբ թույլատրված կլինեն գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն, ձկնաբուծություն, հանքարդյունաբերություն և բացահանքերի շահագործում, էլեկտրականություն, գազ, գոլորշի և լավորակ օդ ոլորտի գործունեությունը, ջրամատակարարում, թափոնների կառավարում և վերամշակում, կոյուղի, փոխադրումներ և պահեստային տնտեսություն, ֆինանսական և ապահովագրական գործունեություն, պետական կառավարման պաշտպանություն և պարտադիր սոցիալական ապահովության ոլորտը, առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտը և օտարերկրյա կազմակերպությունների գործունեությունը։ Նաև որոշում ենք կայացրել, որ ապրիլի 13-ից ամբողջությամբ կթույլատրենք բացօթյա շինարարական գործունեությունը, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նշեց, որ ապրիլի 20-ից հետո ընկած ժամանակահատվածում կբացվեն նաև հագուստի արտադրությունը, տեքստիլ ոլորտը, տնտեսական խանութների գործունեությունը կթույլատրվի, աշխատելու հնարավորություն կտրվի նաև գիտական հետազոտությունների ու մշակման ոլորտին։

Առաջիկա շրջանում հանրային տրանսպորտի աշխատանքն ընդհանրապես կարգելվի, որովհետև մեր փորձը ցույց է տալիս, որ հանրային տրանսպորտը վարակի տարածման առումով ամենամեծ ռիսկայնությունն ունի։ Մյուս կողմից, այն ոլորտները, որտեղ աշխատելը թույլատրվելու է, աշխատակիցների տրանսպորտային ծախսերն ու փոխադրումները պետք է հոգան գործատուները: Միջմարզային երթևեկությունն առնվազն առաջիկա շաբաթվա ընթացքում ևս արգելվելու է։ Թույլատրվելու է տաքսիների գործունեությունը, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների գործունեությունը, նաև անձնական փոխադրամիջոցներով երթևեկելը, սահմանափակումների շրջանակում, թույլատրվելու է:

 

Ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում առաջարկվել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, պահպանել տեղաշարժի, հանրային տրանսպորտի, միջմարզային շարժի գործող սահմանափակումները, որոնց ժամանակացույցի վերաբերյալ կլինեն պարետի համապատասխան որոշումներ: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

 

Հղումը՝ Արմենպրես

 

Plus
Share