News

Իրավաբանական, խորհրդատվական և հաշվապահական ծառայություն մատուցողները կշարունակեն գործել շրջանառության հարկի համակարգում

Իրավաբանական, խորհրդատվական և հաշվապահական ծառայություն մատուցողները կշարունակեն գործել շրջանառության հարկի համակարգում

ՀՀ ֆինանսների նախարարությունը փոփոխություն է կատարել Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծում՝ հանելով իրավաբանական, խորհրդատվական, հաշվապահական ծառայություն մատուցողներին ավելացված արժեքի հարկով հարկելու դրույթը,- այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:  

«Նախագիծն այդ մասով արդեն իսկ փոփոխություններ է կրել: Լրացուցիչ քննարկումների արդյունքներով մենք որոշում կայացրեցինք այս փուլում հրաժարվել այդ գաղափարից: Բայց սա ժամանակավոր լուծում է, որովհետև մենք այստեղ այնուհանդերձ շարունակում ենք խնդիրներ տեսնել այն առումով, որ շրջանառության հարկի համակարգը մեր դիտարկմամբ չի ապահովում այս գործունեության տեսակների համարժեք հարկում: Եվ բացի այդ, մենք այստեղ տեսնում ենք նաև հարկային տարբեր համակարգերի միջև հարկային պլանավորումներ իրականացնելու հնարավորություններ, նաև հարկման ոչ արդարացի մոտեցումներ»,-ասաց Պողոսյանը:

Փոխնախարարի հիմնավորմամբ՝ այս փուլում հրաժարվել են նախապես առաջարկված տարբերակից, քանի որ իրենց գնահատմամբ՝ հարկային բեռը էականորեն բարձրանում էր, և միգուցե այս գործունության տեսակները ստվերային դաշտ տեղափոխելու մոտիվացիա լիներ: Եվ հարկային վարչարարությունն այդ դեպքում էականորեն կբարդանար: Սակայն հարկային վարչարարությունը կատարելագործելու գործիքակազմն ընդլայնելու խնդիրը լուծելուց հետո նախարարությունն անպայմանորեն անդրադառնալու է այդ հարցի քննարկմանը:

Փոխնախարարը դժվարացավ հստակ ասել, թե իրավաբանական, խորհրդատվական և հաշվապահական ծառայություն մատուցողները որքան ժամանակ կշարունակեն գործել շրջանառության հարկով: Ամեն ինչ կախված կլինի վարչարարության մակարդակում ունեցած խնդիրները լուծելու ժամկետներից:

Հղում

Plus
Share