News

Դրոշմապիտակներ։ 2018 հարկային օրենսգրքի փոփոխություններ

Դրոշմապիտակներ։ 2018 հարկային օրենսգրքի փոփոխություններ

2018թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող  հարկային օրենսգրքով ակցիզային դրոշմանիշների և դրոշմապիտակների ձեռքբերումը դառնալու է անվճար և տրամադրվելու Է էլեկտրոնային եղանակով տրամադրված հայտի հիման վրա (հարկային օրենսգիրք 393-րդ հոդված)։

Երկու կարևոր հանգամանք, որ պետք է ուշադրություն դարձնել  օրենքի փոփոխության հետ կապված՝

 

1․ Նոր օրենսգրքով դրոշմանիշերով և դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն կրողների մեջ ավելացել են նաև արտադրող կամ ներմուծող չհանդիսացող՝ դրոշմավորման ենթակա ապրանքներ օտարող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք պետք է իրենց մոտ առկա՝ դրոշմավորման ենթակա ապրանքների գույքագրված մնացորդները  դրոշմավորեն(Հոդված 391)։

 

Մինչև այդ ապրանքներն իրենց կողմից առանց դրոշմավորման օտարելու համար հարկային օրենսգրքով  սահմանված վերջնաժամկետը պետք է գույքագրեն  իրենց մոտ առկա չդրոշմավորված ապրանքները և դրանց վերաբերյալ տեղեկություններ ներկայացնեն հարկային մարմին՝ համաձայն N1 ձևի (այդ  տեղեկությունների ճշտման նպատակով հարկային մարմինը կարող է իրականացնել հսկողական միջոցառումներ):

Դրոշմապիտակները տրամադրվելու են անվճար՝ ներկայացված՝ չդրոշմավորված ապրանքների մնացորդին համապատասխան, իրենց հաշվառման վայրի հարկային մարմնից՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված «տեղական» մակագրությամբ դրոշմապիտակների ձեռք բերման հայտի հիման վրա:

Օրենքի այս հոդվածը կարգավորվում է նոյեմբերի 23-ի կառավարության նիստի կառավարության որոշումով:

 

2․ Երկրորդ կարևոր հանգամանքը այն է, հարկային օրենսգրքի 422-րդ  հոդվածով սահմանված են  տուգանքներ՝ ակցիզային դրոշմանիշերի և  դրոշմապիտակների վերադարձը սահմանված ժամկետներից ուշացնելու կամ համապատասխան հարկային կամ մաքսային մարմինների կողմից հետ չընդունվելու կամ դրանց կորստի դեպքում՝ յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի և  դրոշմապիտակի համար՝ 50 դրամից մինչև 500 դրամի չափով:

 

 Հիշեցնենք, որ ներկայումս ՀՀ Կառ. 06.06.2013թ-ի  N 594-Ն որոշման համաձայն 2013 թվականի հուլիսի 1-ից կիրառության մեջ դրված «Ա» և «Բ» սերիաների դրոշմապիտակների յուրաքանչյուր 1000 հատի գինը սահմանված է 3548 դրամ,  ՀՀ Կառ. 19.11.2015թ-ի N 1360-Ն որոշման համաձայն 2016 թվականի հունվարի 1-ից կիրառության մեջ դրված «Գ» սերիայի դրոշմապիտակի յուրաքանչյուր 1000 հատի գինը սահմանված է 4416 դրամ, իսկ ՀՀ Կառ. 10.08.2017թ-ի N 957-Ն որոշման համաձայն 2017թ-ի օգոստոսի 24-ից կիրառության մեջ դրված «Դ» սերիայի դրոշմապիտակի յուրաքանչյուր 1000 հատի գինը սահմանված է 3783 դրամ:  «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն ներկայումս ակցիզային դրոշմանիշերի յուրաքանչյուր մեկ հատի գինը կազմում է  25դրամ, 50դրամ կամ 100 դրամ՝ կախված տեսականուց:

Plus
Share